Մատչելիության հղումներ

Ուկրաինայի երկաթուղայինները «Հայկական երկաթուղու» նկատմամբ պատժամիջոց չեն կիրառելու


Ուկրաինայի երկաթուղու՝ «Ուկրզալիզնիցյայի» վարչակազմը սպառնացել էր փակել ճանապարհը «Հայկական երկաթուղու» բեռների համար, եթե հայկական կողմը չմարի պարտքերը: Հայ երկաթուղայինների պարտքը գոյացել էր «Ուկրզալիզնիցյայի» բեռնատար վագոներն օգտագործելու դիմաց: Պարտքի չափը նշված չէր:

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայ մատակարարների միության նախագահ, «Ապավեն» էքսպեդիտորական ընկերության նախագահ Գագիկ Աղաջանյանը հաստատել էր տեղեկատվությունը եւ հաղորդել, որ հայկական կողմը դեռ նոյեմբերի 7-ին Կիեւից համապատասխան հեռագիր էր ստացել:

«Ուկրզալիզնիցայի» գործադիր տնօրենի տեղակալ Մոստովոյը ծանուցել էր, թե «բոլոր ուկրաինական երկաթուղային կայարաններից փոխադրումները դեպի բոլոր հայկական երկաթուղային կայարաններ արգելվում են»: Արգելքը պետք է գործեր նոյեմբերի 15-ից:

Գագիկ Աղաջանյանը փոխանցել էր, որ արգելքը չէր վերաբերելու տրանզիտային երկաթուղային փոխադրումներին, ինչպես նաեւ լաստանավային փոխադրումներին: Նա ասել էր, որ սա զուտ տնտեսական խնդիր է, որը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի:

«Ապավեն»-ի նախագահը նաեւ նշել էր, որ եթե արգելքը մտնի ուժի մեջ, Հայաստան չեն հասնի այնպիսի ապրանքներ, որոնք հիմնականում Ուկրաինայից են ներկրվում՝ հնդկացորեն, ոսպ, բուսական յուղ, խտացրած կաթ, կոնֆետներ եւ մակարոնի արտադրության համար անհրաժեշտ ալյուրի տեսակ, ինչի արդյունքում Հայաստանում այդ սննդամթերքի գինն անխուսափելիորեն կաճի:

Ուկրաինայի երկաթուղու վարչակազմից «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը այսօր հայտնել են, որ հայկական կողմը վճարել է պարտքը, եւ ուկրաինցիները որոշել են պատժամիջոց չկիրառել:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG