Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը հաջորդ տարի կտրուկ կավելացնի Հայաստանի բանկերի վարկավորումը


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) այսօր 1,5 միլիոն դոլարի տեխնիկական աջակցության դրամաշնորհ հատկացրեց հայաստանյան այն մասնավոր բանկերին, որոնք Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հատկացրած դրամական միջոցների հաշվին վարկեր են տալիս հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկություններին։

«Աջակցելով մասնավոր բանկերին, մենք ակնկալում ենք, որ բանկերն իրենց հերթին կավելացնեն սեփական ռեսուրսների հատկացումները փոքր ու միջին բիզնեսին», - փաստաթղթի ստորագրումից հետո կայացած ճապազրույցում նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի տնորեն Մայքլ Վայնսթայնը, իր հերթին ասաց, թե հաջորդ տարի իրենք առնվազն կքառապատկեն մասնավոր բանկերին տրվող այն գումարները, որոնցով վերջիններս վարկավորում են հայաստանյան փոքր ու միջին բիզնեսը:

«Այս ձեռնարկից կշահեն թե’ հայկական բանկերը, եւ թե’ վարկ ստացող ընկերությունները, ինչը նշանակում է, որ այստեղ շահում են բոլորը», շեշտեց ՎԶԵԲԻ ներկայացուցիչը՝ հավելելով թե «միջոցները կօգնեն մասնավոր բանկերին՝ մեղմել հաճախորդներից պահանջվող գրավի պահանջները»։

Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը վերջին երեք տարիներին հայաստանյան մասնավոր բանկերի միջոցով փոքր ու միջին գործարարներին փոխանցել է 10 միլիոն եւրո. գործընկեր բանկերն են «Անելիք»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը, «Ագբա»-ն եւ «Ինեկ»-ոն։

Մայքլ Վայնսթայնը նաեւ ասաց, թե եկող տարի իրենք կաշխատեն ընդլայնել իրենց գործընկեր բանկերի շրջանակը՝ շեշտելով, թե «փոքր ու միջին բիզնեսի մարդիկ բարեխղճորեն են օգտվում մասնավոր բանկերի վարկերից»։

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG