Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Ֆրենկ. «Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցումը բարոյական եւ տնտեսական տեսանկյունից սխալ է»


ԱՄՆ-ի Ներկայացուցչների տան ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ Բարնի Ֆրենկը միացել է այն 50 կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցմանը Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը արգելել պահանջող օրինագիծը:

Կոնգրեսական Ֆրենկը, ով շատ հարցերում է իր աջակցությունը ցույց տվել հայանպաստ որոշումներին, կարող է չափազանց մեծ դեր խաղալ Ներկայացուցիչների տան թիվ 3361 բանաձեւի ընդունման գործում:

«Հայաստանը շրջանցող այս երկաթուղու կառուցումը սխալ է ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսանկյունից», - հայտարարել է կոնգրեսականը՝ հիշեցնելով Հայաստանում արդեն իսկ նման երկութուղու [Կարս - Գյումրի] գոյությունը:

«Ես դեմ եմ, որ Ամերիկան ֆինանսավորի Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը իրար կապող երկաթուղու կառուցումը, քանի որ բարոյական եւ տնտեսական առումով ճիշտ է այն տարբերակը, որն ընդունելի է բոլորի համար», - օրերս Ամերիկայի հայկական համագումարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է Բարնի Ֆրենկը:

«Ընդունման դեպքում, բանաձեւը կարեւոր մի ուղերձ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այն մասին, որ Միացյալ Նահանգները ոչ միայն չի հանդուրժի Հայաստանը մեկուսացնելու փորձերը, այլեւ թույլ չի տա վտանգել տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Այս տարվա սկզբին 800 դոլար արժողությամբ երկաթուղու կառուցման ծրագիրը նախաձեռնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչին հետեւել էր Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի պատասխանը՝ թիվ 33 61 բանաձեւի տեսքով: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նաեւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակում:

Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG