Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի պատասխանատուները հերքում են գազի սակագնի թանկացման մասին լուրերը


«ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը կայացած խորհրդարարանական լսումներում հայտարարել է, թե Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ ամենից գազաֆիկացված հանրապետությունն է՝ շնորհիվ գազ սպառող բաժանորդների թվի կտրուկ աճի. միայն այս տարի գազամատակարարման ցանցին միացել է մոտ 170 հազար բաժանորդ, իսկ փաստացի գազ սպառողների թիվն հասել է 370 հազարի։

«Նման աճ տվող գազային ընկերություն աշխարհում գոյություն չունի: Կարելի էր ասել, որ բազիսը փոքր է, սակայն դա էլ այդպես չէ: Բացի այդ, ԱՊՀ ոչ-մի երկրում գազաֆիկացման խնդիրը դրված չէ միայն գազային ընկերության վրա», - նշել է Կարապետյանը:

Սակայն, այսպես կոչված պոտենցիալ բաժնորդների թիվն ավելի մեծ է. 525 հազար: Սրանք այն ընտանիքներն են, որոնք ոչ իրենց բնակարանները գազաֆիկացնելու եւ ոչ էլ առավել եւս գազից օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ նման ընտանիքների համար դա թանկ հաճույք է։ Չնայած դրան, «ՀայՌուսագազարդ»-ի տնօրենը պնդեց, թե այսօրվա դրությամբ բնական գազը մոտ 2 անգամ ավելի էժան է փայտի, 3 անգամ էժան՝ էլեկտրաէներգիայի, եւ մոտ 4 անգամ էժան՝ հեղուկ գազի համեմատությամբ։

Կարեն Կարապետյանը՝ այս հաշվարկներից ելնելով, նաեւ այսպիսի թվեր հրապարակեց. «Այս տարի բնակչության մոտ ավելացված գումար է մնում՝ 70-80 միլիոն դոլար: Հաջորդ տարի բնակչության մոտ գոյանալու է 140-ից 160 միլիոն դոլար»:

Այդուհանդերձ, առայժմ գազի սակագինը բարձրացնելու հիմք «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը չի տեսնում՝ գերադասելով շահույթներն ավելացնել բաժանորդների թվի ավելացման հաշվին։

Անկախ, սրանից, գազ մատակարարող ռուսական «Գազպրոմ» ընկերության պատասխանատուները, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան ղեկավարներ արդեն բարձրաձայնում են ռուսական գազ սպառողների, այդ թվում եւ Հայաստանի համար ավելի բարձր սակագին սահմանելու մասին։ Ավելի վաղ նման հայտարություն էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ երեկ էլ՝ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ հատարարությունը կրկնել է Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահի տեղակալ Ռիֆաթ Շայխութդինովը։ Այդ հանդիպմանը ներկա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը որոշակիացրել է, թե առաջիկայում Հայաստանին վաճառվելիք բնական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի հաշվով կարող է հասնել 120 դոլարի ներկայիս՝ 56 դոլարի փոխարեն։

Նման լուրերը, սակայն, էներգետիկայի պատասխանատուները, մասնավորապես, էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանը, ժխտում են. «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի կառավարության, «Գազպրոմ» ընկերության կողմից պաշտոնապես նման հարց մեզ չի ներկայացվել», - «Ազատություն» ռադոկայանին հայտնեց Արմեն Մովսիսյանը:

«Եթե գազի սակագինը, այնուամենայնիվ, կրկնակի թանկանա, ապա դա կբերի բոլոր սակագների բարձրացմանը, եւ բավականին ծանր վիճակ կստեղծի տնտեսության եւ էներգետիկայի, բնականաբար՝ բնակչության համար», - նշեց Հայաստանի էներգետիկայի նախարարը:

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG