Մատչելիության հղումներ

Հովհաննես Հունանյան. «Ոստիկանության համակարգում վերջերս կրճատվել է 100 ավտոտեսուչ»


Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները գոհ են 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքներից. հիմնականում բոլոր տեսակի հանցագործությունները նվազել են, եղածների բացահայտման ցուցանիշներն՝ ավելացել, եւ միայն ճանապարհատրանսպորտային պատահարներն են անընդհատ աճում:

Այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեպքերի քանակն ավելացել է 80-ով կամ 9,7 տոկոսով: Համակարգի ղեկավարության կարծիքով, հանրապետությունում դեպքերի հիմնական պատճառները, ինչպես միշտ նույնն են. սահմանված արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում տրանսպորտի վարում, վազանցի կանոննների խախտում, ինչպես նաեւ ավտոճանապարհների անբավարար վիճակը: Կա նաեւ մեկ ուրիշ պատճառ՝ ավտոմեքենաների աննախադեպ աճը:

«2005թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 13 հազար 600 մեքենա: Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների քանակը անցել է 300 հազարի սահմանագիծը», - երկուշաբթի օրը ասուլիսում հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:

Կոպիտ հաշվարկներով, հանրապետությունում յուրաքանչյուր 10 հոգուն մեկ ավտոմեքենա է հասնում: Մասնագետների վկայությամբ, ներկայումս Հայաստանում ավելի շատ ավտոմեքենա կա, քան խորհրդային տարիներին: Նույինիսկ ոչ մասնագետների գնահատմամբ, խորհրդային տարիներն երթեւեկության կանոնների խախտումներ ավելի քիչ էին: Ուստի, ոստիկանության պետի տեղակալի փոխանցմամբ, անհրաժեշտ է լայնորեն կիրառել տեխնիկական ժամանակակակից միջոցներ:

Դրա համար մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի երեք փուլով: Առաջին փուլի աշխատանքներն իրականացվելու են 2005-2006 թվականների ընթացքում: Ըստ Հովհաննես Հունանյանի, «նախատեսված է ծախսել 1,5 միլիոն դոլար՝ Երեւանի հրապարակներում, փողոցներում եւ զանգվածային միջոցառումների վայրերում երթեւեկության կարգավորման ավտոմատացված համակարգ ներդնելու, մայրաքաղաքի 9 հրապարակներում եւ բոլոր խաչմերուկներում ընդհանուր առմամբ 214 տեսախցիկ տեղադրելու համար»: Հայաստանի ողջ տարածքում աշխատանքները կավարտվեն 2010 թվականին:

Եվ քանի որ մայրաքաղաքի փողողցներում ու հրապարակներում տեսախցիկներն են վերահսկելու երթեւեկության կանոնների խախտման դեպքերը, շատ ոստիկանների կարիք չի լինի: Համակարգում արդեն սկսկել են կրտսեր ավտոտեսուչների ատեստավորման եւ կրճատման աշխատանքները: Ոստիկանության պետի տեղակալի փոխանցմամբ, արդեն 100 մարդ կրճատվել է: Հովհաննես Հունանյանի խոսքով, այս միջոցառումն ուղղված է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:

Հասարակությունը ոստիկանության հենց այս աշխատակիցների կաշառառության վերաբերյալ է շարունակ դժգոհություններ հայտնում: Վերջերս հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս տարվա 9 ամիսների ընթացքում ստացված դիմում բողոքների վերաբերյալ տվյալներ էր տարածել, ըստ որի 1315 գրավոր դիմում-բողոքներից 174-ը վերաբերում էին ոստիկանությանը:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG