Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները


Երկուշաբթի օրը Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը կազմող Ազգային ճակատ, «Մուսավաթ» եւ Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչում երկրում կիրակի օրը կայացած ընտրությունները:

«Ազադլիգ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ սկսում է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու սահմանադրական պայքար», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, համատեղ ասուլիսում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:

Նրա խոսքերով, բոլոր հիմքերը կան պնդելու, որ 125 ընտրատարածքներից 100-ում ընտրությունների արդյունքները կեղծվել են: «Ազադլիգ» դածինքը որոշում է կայացրել Բաքվի կենտրոնական «Գելեբե» հրապարակում հանրահավաք-երթ կազմակերպել նոյեմբերի 9-ին:

«Իշխանությունները կրկին խախտել են մեր սահմանադրական իրավունքը՝ չարտոնելով նոյեմբերի 8-ին նշանակված հանրահավաքը: Բայց մենք չենք ցանկանում իշխանություններին բռնությունների առիթ տալ», - նշել է Իսա Ղանբարը:

Ասուլիսում «Ազադլիգ» դաշինքի ղեկավարները միակարծիք էին, որ իրենց կհաջողվի հասնել նոր ընտրությունների անցկացմանը:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է նաեւ, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը որակում է ընտրությունները որպես տեղական օրենսդրությանը եւ ժողովրդավարության նորմերին համապատասխանող:

«ԱՊՀ դիտորդները գտնում են, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընտրությունները անցել են գործող օրենսդրությանը համապատասխան: Դիտորդները հուսով են, որ այս ընտրությունները կարեւոր գործոն կդառնան երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի, հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման համար», - Բաքվում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Միջազգային ռազմավարական հետազոտությունների ամերիկյան ընկերակցության ներկայացուցիչ Յոզեֆ Բոտանսկին նույնպես հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում «լեգիտիմ էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG