Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, անշուշտ, շատ կարեւոր է լսել պետության ղեկավարի խոսքը», - արժեվորում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Փաստելով, թե այդ խոսքը երեկ հնչեց Երեւանի պետական համալսարանում՝ թերթը ուսանողների հետ երկրի նախագահի հանդիպման մասին լայնածավալ հրապարակումը ընդգծված վերնագրել է մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. - «Ես, որպես նախագահ, տեր եմ լինելու ե'ւ «այո»-ին, ե'ւ «ոչ»-ին»:

«Հայկական ժամանակ»-ը «Ես մի ծառ եմ ծիրանի» վերնագրի ներքո նկատում է, որ ուսանողներից մեկի հարցի պատասխանում Քոչարյանը այդպես էլ չի հերքել երրորդ անգամ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները: «Դեռ ավելին, նա որոշակի ագրեսիվություն է դրսեւորել այդ հարցին պատասխանելիս», - խորացնում է մեկնաբանը՝ մեջբերելով նախագահի պատասխանից հետեւյալ հատվածը. - «Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ումի՞ց եմ պակաս՝ գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ, տոկունությամբ, կամքով: Կգա ժամանակը, կմտածենք ինչ քայլեր ենք ձեռնարկելու հետագայում»:

«Իրավունք»-ի մատուցմամբ՝ նախագահ Քոչարյանը հավանաբար այնքան էլ գոհ չէ սահմանադրական փոփոխությունների «այո» քարոզարշավից, ինչի համար էլ ինքն անձամբ է «լծվել» «այո»-ի քարոզչության գործին: Նույն թերթում նաեւ նշված է. - «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իսկական պատուհաս է դարձել հայրենի իշխանությունների գլխին: Հանրաքվեի անցկացումը քաղաքական ուժերը «իրար վրա են գցում»: Իշխանական ու իշխանամետ գրեթե բոլոր ուժերը մեծ ակտիվությամբ ստորագրեցին հանրաքվեին «այո» ասելու փաստաթղթի տակ, սակայն իրականում նրանցից ոչ մեկը որեւէ իրական քայլ չի կատարում հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ»:

Ուրվագծելով, թե այսօր մեր հասարակական-քաղաքական դաշտը դարձյալ երկփեղկված է՝ ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը ընդգծում է. - «Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր դեպքերի, այսօր հասարակական քաղաքական ուժերին տարաբաժանում են ոչ «իշխանություն-ընդդիմություն», «աջեր-ձախեր», «պահպանողականներ-լիբերալներ», «ազգային-ապազգային» կամ նմանօրինակ բնորոշիչներով: Այսօր միակ բաժանումը կարող է լինել Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ վերաբերմունքը... Միակ տրամաբանական ձեւակերումն էլ կարելի է բանաձեւել հետեւյալ կերպ՝ բարեփոխումների կողմակիցներ եւ բարեփոխումների հակառակորդներ»:

«Հանրաքվեի մոտենալու հետ առավել ակնհայտ է դառնում, որ միակողմանի «այո» քարոզող հեռուսաէկրաններին «այո»-ն հակաքարոզչության երանգներ է ձեռք բերում», - նկատում է «Ազգ»-ի մեկնաբանը: Միջին հեռուստադիտողը, ըստ նրա, մտածում է այսպես. - «Եթե մի բան շատ են պնդում իշխանությունը խորհրդանշող մարդիկ, ուրեմն դա շատ վատ բան է, որ ուզում են մեր վզին փաթաթել»:

«Առավոտ»-ի խմբագրի մատուցմամբ՝ իշխանությունները պարզապես փչացնում են ընդհանուր առմամբ լավ փաստաթուղթը՝ օր ու գիշեր եթերում նույն բաները հեռուստադիտողի ականջի տակ «բզզալով» եւ ընդդիմադիրների բերանը փակելով: «Իշխանությունը քաղաքացիների վզին է փաթաթում, իրենց խոսքերով՝ «եվրոպական» Սահմանադրությունը՝ բացարձակապես «ոչ եվրոպական» մեթոդներով», - գնահատում է Արամ Աբրահամյանը:

«Ներկայումս Հայաստանի արմատական ընդդիմության գրեթե ողջ գունապնակը, համենայն դեպս նրա առավել աչքի ընկնող դեմքերը զբաղված են մեկը մյուսին կեղծ ընդդիմություն համարելով», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը: - «Գործող իշխանության կողմից իրականացվող քաղաքականության այլընտանքի ձեւավորում չկա, հետեւաբար կեղծ ընդդիմություն լինելու հարցում արմատականների կողմից մեկը մյուսին ներկայացվող անվերջ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը»: «Նրանք բոլորն էլ ֆալշ են», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ը:

Ըստ «Այբ-ֆե»-ի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հայրենի ընդդիմության համար միավորվելու հրաշալի հնարավորություն էր: «Սա այն եզակի դեպքերից է, երբ առջեւում նախագահի ընտրություն չէ, որպեսզի յուրաքանչյուրը մտածի իր խնդիրը լուծելու մասին, եւ հնարավոր է զսպել սեփական ամբիցիաները ու գոնե մեկ անգամ ի նպաստ ժողովրդի եւ ժողովրդավարության հաղթանակի միավորվել: Սակայն ընդդիմության փոխարեն իշխանությունն է բավականին լուրջ կոնսոլիդացվել: «Այո» են քարոզում հնարավոր բոլոր միջոցներով, լծակներով, ստեղծագործական միություններով եւ ուսանողական շարժումներով, իսկ ըննդիմությունը, կրկին մասնատված, փորձում է «ոչ» քարոզել», - գրում է թերթը՝ շարունակելով. - «Ընդդիմության մարզեր այցերի ժամանակ հիմնական հարցը, որ տրվում է հենց դա է՝ ինչո՞ւ չեք միավորվում»:

«Վերջին մի քանի իրադարձությունները ինձ հիշեցրեցին հռչակավոր նկարիչ Ջորջոնեի հայտնի կտավը՝ «Քնած Վեներան», որտեղ պատկերված է մերկ քնած գեղեցկուհին: Ավելի ուշ Ջորջոնեի աշակերտ Տիցիանը մեկ ուրիշ շեդեւր նկարեց, որտեղ Վեներան արդեն արթնացել է», - «Հայկական ժամանակ»-ում գեղարվեստաքաղաքական վերուծություններ է կատարում «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: - «Երբ վերլուծում ես քաղաքական այս զարգացումները, ակամայից հիշում ես «այո» քարոզող որոշ գործիչների, որոնք իրենց ողջ քաղաքական մերկությամբ մինչեւ վերջերս քնած վիճակում էին, մեկ էլ հանկարծ պաշտպանության նախարարը վերադարձավ Ամերիկայից եւ մեկեն արթնացան մերկ Վեներաները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG