Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իրադարձությունները Ռուսաստանում գնահատում են որպես «պալատական հեղաշրջում»


Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է որպես պալատական հեղաշրջման փորձ:

«Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները պետք չէ շփոթել հետխորհրդային մի շարք պետություններում տեղի ունեցած «նարնջագույն հեղափոխությունների հետ», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, նշել է Մարգելովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում ընտրությունների նախօրեին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով երկրի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց ձերբակալությունները:

Նրա խոսքերով, եթե «նարնջագույն հեղափոխությունները» վայելում էին այդ երկրներում ժողովրդի զգալի մասի աջակցությունը, ապա Ադրբեջանում կատարվողը մի խումբ մարդկանց նախաձեռնությունն է, որը ոչ մի կերպ չի բնորոշում իրական վիճակը երկրում:

«Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստման փուլում իշխանության բռնազավթումը կսպառնար վերջին 15 տարում իրականացված բարեփոխումներին», - հայտարարել է Մարգելովը՝ ավելացնելով, որ Ադրբեջանում իրավիճակի Ռուսաստանի նման գնահատականը կիսում է նաեւ Եվրախորհուրդը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձեռնարկած քայլերը, այդ թվում՝ պետական հեղաշրջման փորձի կանխումը, համարժեք են ստեղծված իրավիճակին եւ ուղղված են ժողովրդավարական ընտրությունների անցկացման ապահովմանը», - գտնում է Պետդումայի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահը:

(Լուսանկարում՝ «Ազատլիգ» ընդդիմադիր դաշինքի ցույցերից մեկը Բաքվի կենտրոնում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG