Մատչելիության հղումներ

Բելառուսը Ադրբեջան կուղարկի հայազգի դիտորդ


Վկայակոչելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Նիկոլայ Լոզովիկին, «Ինտերֆաքս» գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ Բելառուսը մտադիր է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանում նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Բաքու ուղարկել ԿԸՀ-ի աշխատակիցներ Մարինա Կոզլովիչին եւ Պյոտր Առուշանյանցին:

Այս կապակցությամբ Ադրբեջանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Ազեր Սարիեւը հայտնել է Բաքվի «Էխո» թերթին, որ Բելառուսի իր գործընկերոջ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

«Բոլոր դիտորդները գրանցվում են Ադրբեջանի ԿԸՀ-ում: ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում չկա Առուշանյանց ազգանունը», - նշել է Սարիեւը եւ ավելացրել. - «Բելառուսում քաջատեղյակ են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, եւ կարծում եմ, որ նրանք նման քայլ երբեք չեն ձեռնարկի»:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետեւելու ցանկություն էին հայտնել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, մասնավորապես, «Ազատ Հայք» առաքելությունը», սակայն Ադրբեջանի ԿԸՀ-ի արձագանքը խիստ բացասական էր: ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության պատճառով «դիտորդական առաքելության կազմում տվյալ երկրի ներկայացուցիչների մասնակցությունը անցանկալի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG