Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ավարտվեցին բյուջեի նախագծի քննարկումները


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ավարտեց 2006 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Կանոնակարգի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորներին, խորհրդարանական խումբ-խմբակցություներին 24 ժամ տրվեց բյուջեի նախագծում փոփոխությունների իրենց առաջարկությունները կառավարություն ներկայացնելու համար:

Քննարկումն ընդհանուր առմամբ անցավ իշխանություն - ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։

«Արդարություն» դաշինքի տեսակետները ներկայացնելով՝ ընդդիմադիր ատգամավոր Թաթուլ Մանասերյանը ասաց, թե կառավարությունը 1041 էջանոց բյուջեի նախագիծն ու կից ուղերձը Ազգային ժողովի մեծ օրակարգ է մտցրել մեծ ուշացումով, ինչը բազմաթիվ պատգամավորների թույլ չի տվել պատշաճ կերպով ծանոթանալ փաստաթղթին։

Ըստ Մանասերյանի, բյուջեն իրատեսորեն չի հաշվարկված, ստվերային եկամուտների բազմաթիվ աղբյուրներ տեսադաշտից դուրս են մնացել, մինչդեռ, այդ գումարները «բյուջե բերելով կարելի էր էապես ավելացնել սոցիալական ոլորտի հատկացումները»:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ անհարկի ու ուռճացված որակեց պետական կառավարման ապարատի ծախսերը՝ անհիմն համարելով դրանց ավելացումը:

Պետական կառավարման ծախսերի անկառավարելի աճը պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը վերագրեց կառավարման «հակասահմանադրական» եղանակին. - «Երկրում գործի է դրվել կառավարման այնպիսի ձեւ, որը նպաստում է կառավարման հարատեւ թանկացմանը՝ դա կառավարման կոալիցիոն ձեւն է»:

Հովհաննիսյանի փաստարկմամբ՝ եթե խորհրդային տարիներին ժողովուրդը ստիպված էր պահել միայն կոմունիստական կուսակցության ապարատը, ապա ներկայումս ստիպված է կերակրել երեք կուսակցությունների ապարատները

Կոալիցիոն կուսակցությունները ներկայացնող խորհրդարանական խմբակցությունները, բնականաբար, ճիշտ հակառակ տեսակետի են: Այն է՝ բյուջե - 2006-ը սոցիալական բյուջե է, հավասարակշռված, ու կատարման տեսակետից՝ միանգամայն իրատեսական։

«2006 թվականի բյուջեն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հատեց մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը», - հավելյալ փաստարկ բերեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ Խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի սկիզբը նույնպես բյուջեի սոցիալական ուղղվածության վառ վկայություներից է:

Ազգային ժողովի մեծամասնության՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանն էլ փորձեց իրատեսորեն նայել ընդդիմության հնչեցրած քննադատությանը. - «Ով ասաց, թե ամեն ինչ լավ է եւ վարդագույն է... Նույնիսկ եթե ինչ-որ բան դրական փոխվել է, ժողովրդի աչքում դեռեւս թշվառությունն է»:

Բյուջեի նախագծի քննարկումների եզրափակիչ ելույթում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ասաց, թե քննարկումների ընթացքում ամեն ինչի մասին խոսվեց, բացի բյուջեի նախագծից:

Նախարարը նեղսրտել էր հատկապես ընդդիմադիր պատգամավորների ելույթներից, որոնք ոչ մի կերպ չեն ուզում նկատել, որ մեր բյուջեն ծրագրային բյուջե է, եւ մշակվել է շատ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:

Սահմանված 24 ժամը լրանալուց հետո կառավարությանը մի քանի օր ժամանակ կտրվի արված առաջարկությունները քննարկելու ու հնարավորինս հաշվի առնելու, որից հետո լրամշակված նախագծի վերջնական տարբերակը վերստին կբերի Ազգային ժողով՝ դրա հետ մեկտեղ դնելով իր վստահության հարցը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG