Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները


Հինգշաբթի երեկոյան Բաքվում ձերբակալվել է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի մերձավոր կողմնակից, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Էլդար Սալաեւը:

Ադրբեջանի դոմեկրատական կուսակցությունից (որի նախագահը Ռասուլ Գուլիեւն է) «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են, որ Սալաեւը երեկ հրավիրվել է Ազգային անվտանգության նախարարություն՝ պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ ցուցմունք տալու նպատակով, եւ տեղում ձերբակալվել է: Ավելի ուշ խուզարկվել է նրա բնակարանը:

Մինչեւ 1990-ականների կեսերը Ադրբեջանի գիտությունների ակադեմիան ղեկաված Սալաեւը Ռասուլ Գուլիեւի երկրից հեռանալուց հետո պաշտոնանկ էր արվել:

Սալաեւի որդին՝ Էլման Սալաեւը «Զերկալո» թերթին ասել է, որ ներկայումս իր հայրը գտնվում է Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Նա ասել է նաեւ, որ իր հայրը այս տարի ավելի վաղ դիմել էր համապատասխան մարմիններին՝ Ռասուլ Գուլիեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու խնդրանքով՝ վերջինիս Ադրբեջան վերադառնալու դեպքում:

«Բայց մենք մտածել անգամ չէինք կարող, որ դա այսպիսի ավարտ կունենա», - ավելացրել է Էլման Սալաեւը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի նախկին խոսնակ Գուլիեւի ղեկավարությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների թիվը արդեն մոտենում է երկու տասնյակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG