Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ


Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ եւ Մտավորականների ֆորումը այսօր տարածել են հայտարարություն, որով մերժում են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը եւ դրանով իսկ «ոչ» ասում ռեժիմին»:

«Հայաստանում վտանգված են ժողովրդավարական եւ համամարդկային արժեքները: Օրեցօր խորացող անօրինականությունը, հասարակության սոցիալական բեւեռացումը, չնվազող արտագաղթը, համատարած աղքատությունն ու հուսալքությունը հետեւանք են ՀՀ իշխանությունների ձեւավորած կոռումպացված-կլանային համակարգի եւ նրանց կողմից հասարակական կյանքում արմատական բարեփոխումներ անցկացնելու քաղաքական կամքի բացակայության», - ասված է հայտարարությունում: - «Ակնհայտ է, որ այս իշխանությունները ցանկություն չունեն եւ ի վիճակի էլ չեն լուծել մեր երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները: Այս պայմաններում սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացի հիմնական նպատակը վարչախումբ լեգիտիմացնելը եւ նրա կյանքը երկարաձգելն է: Մենք միանշանակ մերժում ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այս գործընթացը եւ դրանով իսկ «ՈՉ» ենք ասում ռեժիմին»:

«Ստեղծված իրավիճակում օր առաջ իշխանափոխությունն անհրաժեշտություն է: Նպատակ ունենալով նախաձեռնել իրական համակարգային բարեփոխումներ եւ ազատ ընտրություններով ձեւավորել օրինական իշխանություններ` մենք հայտարարում ենք միասնական համակարգված գործողությունների իրականացման մասին», - գրում են հայտարարության հեղինակները՝ նշելով նաեւ, որ այդ համգործակցությունը բաց է «երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերի համար»:

Հայտարարությունը ստորագրած կուսակցությունների շարքում են Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային ժողովրդավարական միությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը, «ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի ազատական առաջադիմական, Հայաստանի մարքսիստական, «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» եւ եւս 6 կուսակցություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG