Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծամասնությունը չեզոք է իր քաղաքական համակրություններում


Ըստ «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի հարավկովկասյան մասնաճյուղի 2005 թվականի հոկտեմբերին անցկացրած համազգային սոցիոլոգիական հետազոտության, Երեւանում եւ բոլոր մարզերում 1600 հարցվածների 66,9 տոկոսը չեզոք է իր քաղաքական համակրություններում:

Հարցվածների 8,1 տոկոսը քաղաքական համակրություններին վերաբերող հարցին պատասխանելիս նշել է, որ կողմնակից է իշխանություններին, 19,8 տոկոսը՝ կառուցողական ընդդիմությանը:

Հարցման մասնակիցների մեծ մասը` 57,7 տոկոսը, գտնում է, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ռուսամետ է, անհրաժեշտ է համարում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդումը եւ հակված է կարծիքին, որ ռուսաստանյան ռազմակայանները պետք է մնան Հայաստանում:

Հարցվածների 51 տոկոսը գտնում է, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ պետք է մնա ներկայիս մակարդակի վրա, իսկ 18,1 տոկոսի կարծիքով` այն պետք է խորացնել, եւ Հայաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

54,6 տոկոսը համարում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման պայմանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Հարցվածների 24 տոկոսի կարծիքով, դա պարտադիր չէ, իսկ 14,9 տոկոսը բացառում է հայ-թուրքական համագործակցությունը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում՝ դա համարելով սպառնալիք Հայաստանի անվտանգության համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հարցմամբ ընդգրկվածները դրական են գնահատել Ռուսաստանի (72,2 տոկոս) եւ Եվրամիության երկրների (30,9 տոկոս) դերը, բացասական` Թուրքիայինը (78,1 տոկոս) եւ ԱՄՆ-ինը (17,9 տոկոս): Հարցվածների 35,2 տոկոսը կարծիք է հայտնել, թե կարգավորման գործընթացը կընթանա ավելի արագ ու դյուրին Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղակի բանակցությունների դեպքում, եւ 27,9 տոկոսի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուղղակի բանակցությունների դեպքում:

Հարցվածների 53,1 տոկոսը գտնում է, որ հակամարտության ձգձգումը բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա: Որպես կարգավորման ընդունելի տարբերակ նշում են` ԼՂՀ անկախության ճանաչումը` 49,1 տոկոս, միացումը Հայաստանին` 41,4 տոկոս, Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրումը` 0,6 տոկոս:

Թեեւ հարցվածներին բացատրել են, որ Հայաստանի ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ ժամկետով չի կարող ընտրվել, նրանց 10,1 տոկոսը, այնուամենայնիվ, գտնում է, որ երկրի հաջորդ նախագահը դարձյալ նա կլինի: 47,1 տոկոսը կարծում է, որ Հայաստանի հաջորդ նախագահ կդառնա ներկայիս նախագահի շրջապատից որեւէ մեկը. առավել հավանական թեկնածուներից նշում են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին (25,1 տոկոս) եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին (14,7 տոկոս):

Նախագահի հնարավոր թեկնածուների առաջարկված ցուցակից հարցվածների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Արտաշես Գեղամյան՝ 10,4 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 10,2 տոկոս, Արթուր Բաղդասարյան՝ 9,9 տոկոս եւ Սերժ Սարգսյան՝ 5,7 տոկոս: Այստեղ ամենաշատը եղել են «բոլորին դեմ» պատասխանողները՝ 27,4 տոկոս:

Հարցման մասնակիցների 65,4 տոկոսը պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: 59,3 տոկոսը համարում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: 5,8 տոկոսը համարում է, որ ընդդիմությունը կարող է հանրաքվեն օգտագործել պետական հեղաշրջում կատարելու համար: Մեծամասնությունը, սակայն ( 80,6 տոկոսը), հերքել է դրա հնարավորությունը:

Հարցման արդյունքները հրապարակել է ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG