Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կժամանի Երեւան


Չորեքշաբթի օրը Երեւան է ժամանում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Եռօրյա այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան 0սկանյանի եւ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանի հետ (պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում):

Վերջին անգամ Սիմոնսը Հայաստան էր այցելել այս տարվա ամռանը: Մոսկվայում լույս տեսնող «Վոյեննո-պրոմիշլեննի կուրիեր» պարբերականը իր վերջին համարում հիշեցնում է, որ այդ այցի ժամանակ Սիմոնսը հայտարարել էր. - «Եթե Հայաստանը դեմ է ռուսաստանյան զինված ուժերի ներկայությանը իր տարածքում, Երեւանն այդ հարցում կստանա ՆԱՏ0-ի աջակցությունը»:

«Վերջին երկու տարիներին Հայաստանը յոթմղոնանոց քայլերով գնում է Հյուսիսատլանտյան բլոկի ուղղությամբ», - հավելում է ռուսաստանյան պարբերականը:

Անցած շաբաթ ՆԱՏ0-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Հայաստանը եւ ՆԱՏ0-ն, որոնք առաջ համագործակցում էին «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, վերջին երկու տարիների ընթացքում մշակել են համագործակցության նոր ձեւ՝ Գործողության անհատական ծրագիր, եւ անցած շաբաթ Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դը Հոոպ Սխեֆերը պայմանավորվել են մինչեւ տարեվերջ «ավարտել աշխատանքը այդ փաստաթղթի վրա, իսկ գալիք տարեսկզբից սկսել ծրագրի իրականացման փուլը»:


Արմեն Դուլյան, Պրահա եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG