Մատչելիության հղումներ

Newsweek. Ադրբեջանում կարող է բռնկվել «արնակարմիր հեղափոխություն»


Ամերիկյան Newsweek շաբաթական հանդեսը, անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին, գրել է, թե երկրի ընդդիմությունը դեռեւս չունի անհրաժեշտ կազմակերպական հնարավորությունները վախի հետեւանքով լիովին ճնշված բնակչությանը միավորելու համար:

«Հասունացե՞լ է արդյոք Ադրբեջանը հեղափոխության համար», - հարց է բարձրացնում մեկնաբանը՝ պատասխանելով. - «Ոչ լիովին»:

Մեջբերվում է փորձագետների կարծիքը, թե Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ «վռնդել» Ալիեւին. - «Ավելի ճիշտ՝ ընդդիմությանը հույսերի համար խթան են հանդիսացել տարածաշրջանում տեղի ունեցած մյուս հեղափոխությունները: Բայց ընդդիմությունը դեռ չունի անհրաժեշտ կազմակերպական հնարավորությունները, որպեսզի միավորի վախի հետեւանքով լիովին ճնշված բնակչությանը: Արդյունքում բացակայում է անհրաժեշտ պայմանը՝ «ժողովրդի ուժը»:

Ամերիկյան պարբերականը մեջբերում է Նյու Յորքում տեղակայված Eurasia Group կազմակերպության փորձագետ Քահան Նազլիի խոսքերը, թե «Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղըրղզստանում մարդիկ ցույցեր արեցին այնքան երկար ժամանակ, որ անվտանգության ուժերը դադարեցին որեւէ բան անել»:

«Մենք չենք կարծում, թե ադրբեջանական անվտանգության ուժերը նույն կերպ են տրամադրված», - ասել է Նազլին:

«Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն առաջիկա ընտրությունները ՝ ազատ ու ազնիվ, թե ոչ, միակ «գունավոր» հեղափոխությունը, որը մոտ ապագայում կարող է բռնկվել Ադրբեջանում, արնակարմիր հեղափոխությունն է», - գրում է Newsweek-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG