Մատչելիության հղումներ

Երեկվա ընտրություններում համայնքների գործող ղեկավարները հիմնականում պարտվել են


Երեկ Հայաստանի երեք մարզերի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքացիները մեծ մասամբ անվստահություն են հայտնել գործող ղեկավարներին եւ ընտրել են համայնքների նոր ղեկավարներ։

Նախնական արդյունքներով, Աշտարակում գործող քաղաքապետ Աշոտ Ղալաչյանը մոտ երկու անգամ ավելի քիչ ձայն է ստացել, քան հանրապետական Գագիկ Թամազյանը։ Գեղարքունիքի մազկենտրոն Գավառում եւս գործող քաղաքապետը ձայների զգալի տարբերությամբ իր պաշտոնը ստիպված զիջել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, համայնքի նոր ղեկավար է ընտրվել նաեւ Ճամբարակում։

Ի դեպ, հատկանշական է, որ տեղի ունեցած ընտրություններում հանրապետականները հիմնականում պարտություն են կրել կոալիցիայի մյուս թեւի՝ «Օրինաց երկիր»-ի կողմից առաջադրվածները թեկնածուներից։ Այդ պայքարը քարոզարշավի, ինչպես նաեւ երեկ կայացած ընտրությունների ընթացքում բավական թեժ էր Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Այստեղ գործող քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, ում պաշտպանում էր «Օրինաց երկիր»-ը, հաղթել է հանրապետական Մարտին Սուքիասյանին՝ մոտ 5000 ձայնի առավելությամբ։

Չնայած ձայների տպավորիչ տարբերությանը՝ Մարտին Սուքիասյանի համակիրները վստահ են, որ գյումրեցիների մեծամասնությունը պատրաստ է եղել ձայն տալ իրենց թեկնածուին, սակայն ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների պատճառով ուղղակի զրկվել է այդ իրավունքից։

Մարտին Սուքիասյանի շտաբի պետ Միքայել Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ոստիկանության աշխատակիցների կողմից քվեարկության նախորդ երեկո փոփոխված ընտրացուցակներին իրենք ծանոթացել են քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ արդեն ընտրությունների ընթացքում գրանցել են, որ դրանք էականորեն տարբերվում են իրենց կողմից ճշգրտված ցուցակներից։ Արդյունքում, ըստ Վարդանյանի, քաղաքացիների մեծ մասն իր անունը այդպես էլ չի գտել նոր ցուցակներում եւ ուղղակի չի կարողացել մասնակցել ընտրությանը։

«Մենք ունենք նաեւ մեր տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից զեկուցագրեր, որտեղ իրենք են բողոքել, որ տարբեր թաղամասերից իրենց տեղամաս մարդիկ են եկել ընտրությունների», - շարունակեց պատմել Վարդանյանը:

Մարտին Սուքիասյանի շտաբն արդեն ընտրատարածքային ընտրական տեղամաս է ներկայացրել դիմում-բողոք, որտեղ, բացի այս խախտումներից արձանագրվել է նաեւ, որ ընտրությունների օրը տեղամասերում գրանցվեծ են ծեծկռտուքներ, քաշքշուքներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր:

Երեկ խաղաղ ընտրություններ չեն անցել նաեւ Գավառում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար միանգամից հինգ թեկնածու էր պայքարում։ Նախնական արդյունքներով, հաղթել է Գուրգեն Մարտիրոսյանը, ով Գավառում առավել հայտնի է մականունով եւ, ըստ գավառցիների, սերտ կապեր ունի քրեական հեղինակությունների հետ։ Չնայած պնդումներին, որ երեկ քաղաքում բազմաթիվ քաղաքացիներ Մարտիրոսյանին տված ձայնի համար ոչ միայն դրամական օգնություն, այլեւ յուրաքանչյուրը մի քանի կիլոգրամ ալյուր են ստացել, նրա հիմնական մրցակիցը՝ Հրաչ Զաքոյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքը։

«Ես փրփուրներից կախվող չեմ», - ասաց նա՝ ավելացնելով. - «Ամեն ընտրող արժանի է իր ընտյալին»:

Ի տարբերություն Գավառում գրանցված թեկնածուների առատությանը՝ հարեւան Սեւան քաղաքում գրանցվել էր ընդամենը մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետ, հանրապետական Գեւորգ Մալխասյանը, ով, ըստ նախնական տվյալների, վերընտրվել է:

Իսկ Ապարանում ընտրություններն ուղղակի չեն կայացել, քանի որ ինքնաբացարկ էին հայտնել գրանցված բոլոր երեք թեկնածուները:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG