Մատչելիության հղումներ

Մոսկվայում դանակահարված հայ եւ չեչեն դեռահասների վիճակը շարունակում է ծանր մնալ


Շաբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում դաժան ծեծի ենթարկված եւ դանակահարված հայ եւ չեչեն դեռահասները դեռեւս գտնվում են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

«Նովիյե իզվեստիա» թերթի փոխանցմամբ, 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Արտյոմ Մարտիրոսյանին եւ նրա տարեկից, ազգությամբ չեչեն Դենի Բիցոեւեին ծեծի էին ենթարկել մոտ 15 ամրակազմ երիտասարդներ` յուրաքանչյուրին դանակահարելով ավելի քան 20 անգամ: Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը Ֆրունզենսկայա փողոցի «Ռամսթոր» սուպերմարկետի հարեւանությամբ:

Ոստիկանությանը առայժմ չի հաջողվել գտնել հարձակման մասնակցիներին: Իրավապահները մի քանի վարկած են առաջ քաշում, այդ թվում՝ սկինհեդների հարձակում եւ կենցաղային վեճ:

Պարբերականը նաեւ նշում է, որ վերջին կես տարում ոչ սլավոնական արտաքինով անձանց վրա հարձակումների արդյունքում միայն Մոսկվայում զոհվել է երեք մարդ: Զոհերի թվում է նաեւ օգոստոսի 9-ին սկինհեդների կողմից սպանված Հայաստանի քաղաքացի, 52-ամյա Սամվել Թադեւոսյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG