Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 20 մլն եվրո կհատկացնի Հայաստանին


Հարավային Կովկասում Եվրամիության գրասենյակի տնօրեն, դեսպան Թորբեն Հոլցեն երկուշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը պարենային օգնության ծրագրի շրջանակներում Եվրամիությունից մոտ 20 միլիոն եվրոյի օգնություն կստանա։

«Եվրամիությունը կշարունակի օժանդակել Հայաստանին, քանի որ երկիրը հետեւողական է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցում», - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հոլցեն:

Նա ասաց նաեւ, որ անցյալ տարվա վերջին Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրամիությանը շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով, եւ այժմ Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, որը մոտ ապագայում դրական լուծում կստանա։

Պարենային օգնության ծրագրի շրջանակներում վերջին 8 տարիներին Հայաստանը Եվրամիությունից շուրջ 80 միլիոն եվրո օժանդակություն է ստացել, ու այդ գումարները ծախսել է սոցիալական հատվածի օժանդակության, գյուղատնտեսության, կադաստրի համակարգի ինչպես նաեւ Ազգային վիճակագրական ծառայության կայացման վրա։

Եվրամիությունը ոչ միայն գումարներ է տալիս Հայաստանին այլեւ հանդիպակաց պահանջներ է ներկայացնում, մասնավորապես, պահանջում է փակել Մեծամորի ատոմային կայանը։

Այսօր Հոլցեն կրկնեց այդ պահանջը՝ ճիշտ է դիվանագիտական լեզվով. - «Եվրամիությունը նորից անհանգստացած է ատոմակայանի ապահովությամբ։ Դա պարզապես քաղաքականություն չէ, որ վարվում է հատկապես Հայաստանի նկատմամբ: Եվրամիությունը նույնպիսի պահանջներ է դնում նորանդամ այն երկրների առջեւ, որտեղ առաջին սերնդի միջուկային ռեակտորներ կան։ Նույնպիսի պահանջ է առաջադրված Ռուսաստանին: Ատոմակայանը երկրի բնակչության անվտանգության խնդիր է, որին վաղ թե ուշ պետք է անդրադառնաք»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG