Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչը


Հինգշաբթի օրը Իլհամ Ալիեւի հրամանագրով պաշտոնանկ արված նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիեւը նույն օրը երեկոյին ձերբակալվել է:

«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ Մուրադվերդիեւը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ: Նույն մեղադրանքով հինգշաբթի օրը ձերբակալվել էր նաեւ Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովը եւ շաբաթասկզբին պաշտոնանկ արված տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը:

Երեկ Ադրբեջանի ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարությունները եւ գլխավոր դատախազությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի «միջազգային հետախուզման մեջ գտնվող նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, հենվելով ապակառուցողական ուժերի վրա, փորձել էր հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը»:

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող Գուլիեւին, որը փորձում էր Ադրբեջան վերադառնալ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, շաբաթասկզբին Սիմֆերոպոլում ձերբակալել էր Ուկրաինայի Ինտերպոլի ներկայացուցչությունը, սակայն երեկ նա ազատ է արձակվել եւ ներկայումս գտնվում է Կիեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG