Մատչելիության հղումներ

Ագրարային համալսարանը «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին


Ինչպես հինգշաբթի օրը կազմակերպած հավաքում հայտարարեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշավիր Թարվերդյանը, համալսարանի դասախոսներն ու ուսանողները միահամուռ որոշում են կայացրել նոյեմբերի 27-ին «այո» ասել Սահմանադրության բարեփոխումների փաթեթին:

Հավաքին ներկա էին կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր փորձեցին նոր փաստարկներ բերել հօգուտ արդեն ընդունված որոշման:

«Անբեկանելի է, որ նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեին «այո» պետք է ասել», - հավաքի մասնակիցներին դիմեց «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը՝ փաստարկելով. - «Այդ դեպքում մենք մի քանի քայլ առաջ կկատարենք իրականում ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական երկիր ստեղծելու հարցում»:

Իսկ Դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանի փաստարկը հետեւյալն էր. - «Գողծող Սահմանադրությունը 95-ին կարվել է ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոյանի հագով»: Նա հայտարարեց, որ «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին, կնշանակի «այո» ասել այսօրվա «ապազգային» Սահմանադրությանը:

Պատասխանելով ուսանողներից մեկի հնչեցրած մտահոգությանը, թե փոփոխված տարբերակում երկրի նախագահին շնորհվում է նաեւ երկրի սահմանները փոփոխելու լիազորություն, Հրայր Կարապետյանը փաստարկեց, թե «չի եղել այնպիսի բանակցություն, որտեղ Ռոբերտ Քոչարյանը այս հարցի վերաբերյալ պարտվողական դիրքորոշում արտահայտի» եւ շարունակեց. - «Մի քիչ բարոյական չէ առնվազն մեղադրել այս երկրի նախագահին տարածք հանձնելու մեջ: Այն տարածքները, որոնք մենք ձեռք ենք բերել, ձեռք ենք բերել այս նախագահի գործուն նաեւ մասնակցությամբ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG