Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Վրաստանի արտգործնախարարը


Չորեքշաբթի երեկոյան Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ խորհրդակցելուց հետո որոշում է ընդունել պաշտոնանկ անել երկրի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին:

Արտգործնախարարի եւ Վրաստանի իշխող կուսակցության («Միացյալ ազգային շարժում») մի շարք ներկայացուցիչների՝ ներառյալ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի միջեւ ավելի ու ավելի սրվող դիմակայությունը, այսպիսով, ավարտվեց վերջիններիս պահանջի կատարմամբ:

«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ պաշտոնանկությունից առաջ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալային ելույթ է ունեցել «Ռուսթավի – 2» հեռուստաալիքով՝ ուղիղ եթերում իր հակառակորդներին անվանելով «այլանդակներ» ու հայտարարելով, որ Վրաստանին սպառնում է վերադարձ խորհրդային ամբողջատիրական համակարգի:

«Սա ծրագրված ու նախապատրաստված ագրեսիվ հարձակում եւ ապստամբություն է ոչ թե իմ, այլ նախագայի դեմ», - ասել է Զուրաբիշվիլին՝ ավելացնելով, թե խորհրդարանի իր հակառակորդները «վրացի չեն»: - «Այդ մարդիկ, հնարավոր է, ինձանից լավ են խոսում վրացերեն, հնարավոր է այստեղ են ծնվել ու մեծացել, բայց ներքուստ նրանք վրացի չեն ու նրանց չեն հետաքրքրում ո’չ Վրաստանը, ո’չ Վրաստանի շահերը, ո’չ Վրաստանի ապագան»:

Նախագահ Սահակաշվիլին Ֆրանսիայի քաղաքացի, ծագումով վրացի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համակարգում երկար տարիներ աշխատած փործառու դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի արտաքին գործերի նախարար էր նշանակել է 2004 թվականի մայիսին:

«Կավկազպրես» գործակալությունը այսօր հաղորդել է, որ նախագահ Սահակաշվիլու հրամանագրով երկրի արտաքին գործերի նախարար է նշանակվել Գելա Բեժուաշվիլին, ով մինչ այդ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր: Բեժուաշվիլու թեկնածությունը առաջարկել է վարչապետ Նողաիդելին:

Հաղորդվում է նաեւ, թե, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Ազգային անվտագության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարող է վստահվել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեին:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG