Մատչելիության հղումներ

Անդրես Հերկել. - «Եվրախորհուրդը սպասում է քվեարկության օրը հատուկ թանաք օգտագործելու մասին որոշմանը»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի խմբի՝ անցած շաբաթ Բաքու կատարած այցելության հիմնական արդյունքը նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հատուկ թանաք օգտագործելու անհրաժեշտության մասին հայտարարությունն է:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում մեկնաբանելով այցի արդյունքները, ԵԽԽՎ-ի համազեկուցող էստոնացի խորհրդարանական Անդրես Հերկելը ասել նաեւ, որ հայտարարությունը բովանդակում է նաեւ առաջարկություններ Ադրբեջանի ղեկավարությանը:

«Ես անձամբ մասնակցել եմ այդ փաստաթղթի կազմմանը, ու կարծում եմ, որ դրա հիմնական դրույթը հատուկ թանաք օգտագործելու մասին առաջարկությունն է», - նշել է Հերկելը՝ ավելացնելով, որ դա կբացառի «կարուսելի» կիրառումը քվեարկության ժամանակ:

Հերկելը փոխանցել է նաեւ, որ հոկտեմբերի 20-ին մասնակցելու է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի երկօրյա նիստին: «Ես գիտեմ, որ նիստում քննարկվելու են նաեւ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր, եւ ԵԽԽՎ-ին հաշվի է առնելու Վենետիկի հանձնաժողովի որոշումները», - ասել է նա՝ ավելացնելով, որ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում ինքը եւ մյուս համազեկուցող Անդրեաս Գրոսը Բաքու կժամանեն նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG