Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների կողմնակից 22 կուսակցությունների՝ երեկ տարածած համատեղ հայտարարությանը, նշում է. - «Այս թիվը թերեւս պատահական չի ընտրված, եւ իշխանությունները առնվազն 22 միավոր կողմնակից հավաքելու խնդիր են ունեցել, քանի որ Սահմանադրության բարեփոխումների կոալիցիոն փաթեթին դեմ են արտահատվել թվով 21 քաղաքական միավորներ»:

«Առավոտ»-ի մատուցմամբ, իշխանական կուսակցությունները հերթական անգամ իրենց մտահոգությունն արտահայտեցին ազատ եւ թափանցիկ հանրաքվեի անցկացման կապակցությամբ: Իսկ թե որն է այդ մտահոգության գինը, թերթի արժեվորմամբ, ակնհայտ դարձավ երկու օր առաջ կայացած ընտրությունների հանդեպ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վերաբերմունքից. - «Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում Վանաձորում եւ էջմիածնում կայացած ընտրությունները, նա ասաց՝ իսկ ո՞վ ասաց, որ վատ են անցել այդ ընտրությունները. ես հետեւել եմ դրանց ընթացքին, նորմալ են եղել»:

«Թերեւս խորհրդանշական է, որ «Արդարություն»-ը սահմանադրական հանրաքվեին իր հակաքարոզչությունը սկսեց հենց Արագածից, որտեղ անցկացվել էր Միասնության շուրջպարը, եւ որի մթնոլորտի ու հանրաքվեի միջեւ զուգահեռ էր անցկացրել Ռոբերտ Քոչարյանը», - ընդդիմադիրների առաջին հանդիպումների մասին գրում է «Առավոտ»-ը: Թղթակցի հայացքով՝ եթե այս «քարոզչական այցի ընթացքում ինչ-որ մթնոլորտ վերստեղծվեց էլ՝ նախագահական ընտրությունների հանդիպումների մթնոլորտն էր»:

«Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, Սահմանադրության բարեփոխմանը «այո» ասելու հարցում Արեւմուտքն ամենեւին էլ «չեզոք դիտորդ» չէ, այլ փաստորեն շահագրգիռ կողմ. - «Հանգամանք, որն այսօր ամենեւին էլ չեն թաքցնում ո’չ ԱՄՆ-ի, ո’չ Եվրամիության երկրների դեսպանները, ո’չ էլ եվրոպական հեղինակավոր կառույցների ղեկավարները... Արեւմուտքի համար նախընտրելի է գործ ունենալ ուժեղ եւ կանխատեսելի իշխանության, այլ ոչ թե թույլ եւ անհասկանալի ընդդիմության հետ», - մեկնաբանում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը, տեղեկացնելով, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հանդիպել է Հայաստանում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, նշում է. - «Ի տարբերություն արեւմտյան այլ գործիչների, Դենիել Ֆրիդը չի լծվել սահմանադրական «այո»-ի քարոզարշավին, այլ հայտարարել է, որ ժողովրդավարությունը այն է, երբ պետք է հարգվի ազատ եւ արդար ընտրության ընթացքում ժողովրդի իրական կամքի արտահայտությունը»:

Երկքաղաքացիության վտանգների ծիրում «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Ինչո՞ւ Տամբովում ապրող հայը պետք է մտածի Հայաստանի բարգավաճման մասին ավելի շատ, քան հարազատ Տամբովի... Պատկերացրեք, որ այդ տամբովցին պետք է ընտրի Հայաստանի խորհրդարանը եւ նախագահին. կարելի է վստահաբար ասել, որ նա կղեկավարվի իր՝ տամբովյան իշխանությունների կամքով, քանի որ հենց այդ իշխանություններից է, որ նա կախում ունի»: «Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում, եւ նրանք բոլորը Հայաստանի պոտենցիալ ընտրողներ են լինելու», - զարգացնում է Արամ Աբրահամյանը, - «ապա շատ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրահանգի այդ հայ «երկքաղաքացիներին» քվեարկել, օրինակ, հօգուտ Ռամկավար ազատական կուսակցության եւ այդ կուսակցությունը Ռուսաստանի իշխանության կամքով մեր խորհրդարանում մեծամասնություն կստանա: Էլ չեմ ասում, թե ինչ կլինի, եթե այդ «երկքաղաքացիները» ունենան նաեւ ընտրվելու իրավունք», - բազմակետում է խմբագիրը:

«168 ժամ» թերթի փոխանցմամբ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմեբերի 16-ին իր հանգիստն անցկացրել է Սեւանա կղզում, ուր նա հանդիպում է ունեցել կոալիցիայի ներկայացուցիչների հետ. - «Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի աշխատանքների հետ կապված որոշ հարցեր»: Թերթի աղբյուրների տեղեկատվությամբ, կոալիցիան կուսակցություններից ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը իր դժգոհությունն է հայտնել ՀՀ ոստիկանությունից, մասնավորապես՝ անձնագրերի եւ հրավերքների վարչության պետ Ալվինա Զաքարյանից: Վահան Հովհաննիսյանի դժգոհությունն առաջացրել է այն փաստը, որ ընտրացուցակների ոչ ճիշտ լինելու հետեւանքով իրենց կուսակցության համակիրներից ահագին զանգված դուրս է մնացել, ինչի արդյունքում այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին»:

«Կարելի է ասել, որ անցած ժամանակահատվածում ՀՀԿ-ն հիմնականում պահպանել է տեղական ինքնակառավարման համակարգում ունեցած իր դիրքերը», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ներկայացնում է Ազգային ժողովում կուսակցության խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Հանրային հեռուստաընկերությունն իր առջեւ հանրաքվեով կոմերցիոն եկամուտներ ունենալու խնդիր չի դրել: Դա մեր պարքտն է եւ մենք դա պետք է անենք անվճար», - «168 ժամ» թերթում հայտարարում է Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը: - «Ավելի լավ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերությունն այդ քաղաքական կուսակցություններին, «այո» եւ «ոչ» ասողներին անվճար քարոզելու հնարավորություն տա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG