Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հերքում է Մանվել Գրիգորյանի «անմիջական մասնակցությունը» Էջմիածնի ընտրություններին


Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց, թե պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը անմիջական մասնակցություն է ունեցել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին, որտեղ նախնական տվյալներով հաղթած թեկնածուն, էջմիածինցիների պնդմամբ, վայելում էր գեներալի աջակցությունը:

«Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը որեւէ անմիջական մասնակցություն չի ունեցել Էջմիածնի ընտրություններին՝ չնայած նրան, որ որոշակի լրատվամիջոցներ շատ մեծ ջանքեր են գործադրում այնտեղի ընտրությունները ներկայացնելու որպես Մանվելի կողմից ղեկավարվող ընտրություններ», - ասաց նախարարը՝ հավելելով. - «Իրականությանը դա բացարձակապես չի համապատասխանում»:

Լրագրողներից մեկի պնդմանը, թե Էջմիածնի ընտրությունների օրը քաղաքն ամբողջապես լցված էր զինվորներով, ամեն քայլափոխի ընտրախախտումներ էին ու միայն տանկերն էին պակասում, Սերժ Սարգսյանը հակադարձեց. - «Ձեր պատկերացումները ժողովրդավարության մասին, չեմ կարծում, որ կարող են ավելի խորը լինել, քանի միջազգային դիտորդներինը, որոնք եւս այնտեղ են եղել եւ որոնք տվել են համապատասխան գնահատական»:

«Մենք երկիր ենք կառուցում՝ ելնելով այլ չափանիշներից եւ ոչ թե մեր լրատվամիջոցների ներկայացուցիչների չափանիշներից», - հավելեց պաշտպանության նախարարը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG