Մատչելիության հղումներ

Ուկրաինայի իշխանությունները սկսել են Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Գուլիեւի էքստրադիցիայի ընթացակարգը


Երեկ ուշ երեկոյան Սիմֆերոպոլի օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Ռասուլ Գուլիեւը: Վերջին տասը տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող Գուլիեւը վերադառնում էր Բաքու՝ մասնակցելու նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններին:

«Տվյալ անձի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում եւ նա ենթակա է կալանման՝ էքստրադիցիայի նպատակով», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասել է Ղրիմում Ինտերպոլի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դենիսովը:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կողմնակիցներից էր, սակայն, որոշ դիտորդների կարծիքով, վերջինիս որդու, երկրի ներկայիս նախագահ Իլհամի հետ ունեցած կոնֆլիկտից հետո ստիպված էր հեռանալ երկրից: Ադրբեջանի ներկայիս իշխանությունները 58-ամյա Գուլիեւին մեղադրում են նավթային մեքենայությունների եւ 117 մլն դոլար հափշտակելու մեջ:

Ինչպես գրում է «Նովիյե իզվեստիյա» թերթը, մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խնդրել էր պայմաններ ստեղծել, որպեսզի Գուլիեւը կարողանա վերադառնալ Ադրբեջան: Բացի այդ, ըստ թերթի, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Այդին Գուլիեւը ասել է, թե նախկին խոսնակի հետ Բաքու էին ուղեւորվում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի խորհրդարանների նախկին եւ ներկա անդամներ:

Ադրբեջանում, մինչդեռ, հետապնդումների են ենթարկվում Ռասուլ Գուլիեւի ազգականները: Նրանցից շատերը ձերբակալվել են: Իրավապահները ձերբակալել են նաեւ պատգամավորության մի շարք թեկնածուների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG