Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարության իրավապաշտպան հանձնախումբը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Օրհան Փամուկի դատական հետապնդումը


Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնախումբը Թուրքիային հորդորել է դադարեցնել գրող Օրհան Փամուկի դատական հետապնդումը, որի պատճառը գրողի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումն է: Հանձնախումբը նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ կոչ անելով միջամտել ներկայացված մեղադրանքները չեղյալ հայտարարելու համար:

«Կայուն ժողովրդավարությունը չի կարող ծաղկել, քանի դեռ կառավարությունը չի դադարեցրել ազատ խոսքի վրա բռնանալու գործընթացները եւ չի ցրել պատմության մասին ճշմարտությունն ասելու վրա սահմանված գրաքննության ամպերը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը:

Հանձնախումբը, որը պաշտոնապես հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողով, հետեւում է 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրի դրույթների իրագործմանը: Հանձնախմբի կազմում են ԱՄՆ Կոնգրեսի 18 անդամներ եւ կառավարական 3 գործակալությունների ներկայացուցիչներ:

Փամուկի դեմ քրեական գործ հարուցելու պատճառը անցած փետրվարին շվեյցարական «Տագես Անցայգեր»-ին տված հարցազրույցն է, որում արձակագիրը ասել էր. - «Այս հողերի վրա սպանվել է մեկ միլիոն հայ եւ որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»:

Հարցազրույցի այս հատվածը թուրքական դատախազությունը որակել է որպես «թուրքական ինքնության հրապարակային նսեմացում»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG