Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի իշխանությունները մինչեւ հիմա չեն կատարել ԵԽԽՎ առաջարկները»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարականությունը:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի իշխանությունների համար լավագույն հնարավորությունն են ապացուցելու, որ նրանք ունեն քաղաքական կամք եւ կարողություն՝ Եվրախորհրդի չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Ադրբեջանը իրեն չի կարող թույլ տալ բաց թողնել այս հնարավորությունը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լեոդ Պլատվեոդը:

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ ընտրական գործընթացը բարելավելու ԵԽԽՎ-ի որոշ առաջարկներ՝ մասնավորապես, հավասարության հիմունքներով բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների ձեւավորման, թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծման, ընդդիմության եւ իշխանամետ կուսակցությունների միջեւ երկխոսության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման մասին, իշխանությունների կողմից մինչեւ հիմա չեն իրագործվել:

Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը հինգշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Բնականաբար, նա մեզ շնորհակալություն չհայտնեց եւ չխոստացավ կատարել այդ առաջարկները: Բայց մենք փորձեցինք նրան համոզել, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Մնում է միայն ապավինել պետության ղեկավարի բարի կամքին, բայց կոնկրետ խոստումներ նա չի տվել», - շեշտել է Լեոդ Պլատվեոդը:

«Զերկալոն» նաեւ նշում է, որ ասուլիսում անդրադարձ է եղել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի վերադարձի խնդրին: Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցող Անդրեաս Գրոսը հայտնել է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարը ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ներկայացուցչների հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել է, որ վերադառնալու դեպքում Գուլիեւը կձերբակալվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG