Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները


Երեքշաբթի օրը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է սուրճ ներմուծող «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավար Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին:

Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ այս ձերբակալություններին: Նշեցին սոսկ, թե «քննություն է ընթանում»:

«Ռոյալ Արմենիա»-ի ձերբակալված ղեկավարների փաստաբան Աշոտ Սարգսյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Գագիկ Հակոբյանը եւ Արամ Ղազարյանը կասկածվում են «խարդախության, փաստթղթերի կեղծման եւ մաքսանենգության մեջ»:

Աշոտ Սարգսյանը այս ամենը տարօրինակ է համարում: Նրա փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոմն ամերիկահայ գործարար Վաչե Պետրոսյան Ազգային անվտագության ծառայությանը տեղեկություն է տրամադրել, թե «Ռոյալ Արմենիա»-ն չի վճարում մատակարարված սուրճի գումարները՝ շուրջ 164 հազար դոլար: «Ռոյալ Արմենիա»-ում, սակայն, հերքում են դա:

Տարօրինակ է նաեւ այն, որ հարցով զբաղվում է ոչ թե դատարանը, այլ Ազգային անվտանգության ծառայությունը:

«Հարցն այն է, թե այդ ամերիկացի Վաչե Պետրոսյանը որտեղից եկավ եւ գտավ Ազգային անվտանգությունը», - ասաց Աշոտ Սարգսյանը՝ տարակուսելով, թե ինչու է Պետրոսյանը պարզապես դատարան չի դիմել:

Թերեւս հենց Պետրոսյանի հետագայում տրամադրած տեղեկությունների հիման վրա էլ եզրակացվել է, որ «Ռոյալ Արմենիա»-ն կեղծել է նաեւ մատակարաված սուրճի ֆինանսական հաշվետվությունները, ինչն արդեն դիտվում է իբրեւ մաքսանենգություն եւ ինչի հիման վրա էլ ձերբակալվել են Հակոբյանն ու Ղազարյանը:

«Ռոյալ Արմենիա»-ն արդեն տարուց ավելի է, որ տարաձայնություններ ունի Մաքսային կոմիտեի հետ՝ վերջինիս մեղադրելով կաշառառության մեջ: Ըստ ընկերության ներկայացուցիչների, մաքսատան աշխատակիցները առաջարկել էին գործարքի մեջ մտնել իրենց հետ՝ իհարկե համապատասխան կաշաքռի դիմաց, բայց ընկերությունը հրաժարվել էր, ինչի արդյունքում մաքսատունը բարձրացրել էր ներմուծվող սուրճի մաքսային արժեքը: Ընկերությունը հայցով դիմել էր տնտեսական դատարան. հայցի քննարկումը դեռ ընթացքում է:

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, իրենց ղեկավարների ձերբակալությունը անմիջական կապ ունի այդ դատական հայցի հետ: Ավելին՝ ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը համոզված է, որ Վաչե Պետրոսյանը գործարքի մեջ մտել Մաքսային կոմիտեի հետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG