Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Այսօր գոյություն ունի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու լավ հնարավորորություն»


Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնակատար, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե «այսօր լավ հնարավորություն կա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, եւ Հայաստանը պետք է օգտվի դրանից, քանի որ ապագայում նման հնարավորություն կարող է չստեղծվել»:

«Իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը ոլորապտույտ է, խնդիրներից շատերը փոխկապակցված են, գործընթացի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Սա նշանակում է, որ, նկատի ունենալով այդ բարդությունները, շատ դժվար է որոշակի բան ասել, սակայն հակամարտությունը կարգավորելու հնարավորություն, իրոք, գոյություն ունի», - ըստ ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության, Բաքվում հայտարարել է Արազ Ազիմովը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ռեսուրսները չեն սպառվել», - կարծիք է հայտնել Ադրբեջանի փոխարտգործնախարարը՝ ավելացնելով. - «Ադրբեջանը նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները չի դիտում որպես բանակցությունները դադարեցնելու անմիջական պատճառ»:

«Պրահայի գործընթացի շրջանակներում վերջին երկու տարում կայացած հանդիպումներում եւ այլ մակարդակի քննարկումներում մշակվել են [համաձայնության] որոշ տարրեր, որոնք ներկայումս քննարկվում են», - ասել է Արազ Ազիմովը:

Իսկ ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնակատարը նաեւ նշել է, որ «Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի վրա»:

«Բանակցություններում պետք է օգտագործվեն այլ գործոններ: Ադրբեջանի առաջընթացը ազդում է տարածաշրջանում խաղաղ գործընթացների զարգացման վրա», - հայտարարել է Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG