Մատչելիության հղումներ

Ցեղասպանության զոհերի հարազատները եւ «Աքսա» ընկերությունը համաձայնություն են ձեռք բերել 17 միլիոն դոլարի փոխհատուցման վերաբերյալ


Ըստ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների՝ «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության հետ ձեռք բերված հավաքական համաձայնության, ֆրանսիական ընկերությունը նրանց 17 միլիոն դոլար է հատկացնելու: Այդ մասին երեկ Կալիֆորնիայում հայտարարել են ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի 3 փաստաբանները՝ Վարդգես Եղիայանը, Մարկ Գերագոսը եւ Բրայան Կաբատեկը:

Ըստ այդ համաձայնության, որը նոյեմբերին դեռ պետք է վավերացվի Կալիֆորնիայի դատարանի կողմից, «Աքսա» ֆրանսիական ընկերությունը առնվազն 3 միլիոն դոլար կնվիրի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին եւ 11 միլիոն դոլար կհատկացնի այն հիմնադրամին, որն այնուհետեւ կսկսի վերադարձնել ապահովագրական գումարները ընտանիքներին, որոնց հարազատները ժամանակին ապահովագրել էին իրենց կյանքը «Աքսա» ընկերությունում՝ հետագայում զոհ դառնալով 20-րդ դարասկզբի կոտորածներին:

Փաստաբանները տեղեկացրել են, որ ավելի ուշ կհայտարարվի, թե ուր եւ ինչպես կարող են դիմել ցեղասպանության զոհերի հարազատները, ովքեր պահպանել են «Աքսա»-ի ապահովագրական վկայականները:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ցեղասպանության զոհերի ժառանգները համաձայնություն են ձեռք բերում ապահովագրական փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Անցած տարի «Նյու 3որք լայֆ» ամերիկյան ընկերությունը երկարատեւ բանակցություններից հետո ի վերջո համաձայնեց 20 միլիոն դոլար վերադարձնել ցեղասպանության զոհերի հարազատներին:

Հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Գերագոսը փաստել է, թե «Աքսա»-ի եւ «Նյու 3որք լայֆ»-ի հետ ձեռք բերված համաձայնությունները «կարեւոր փուլեր են ոչ միայն եղեռնի զոհերի ժառանգների ֆինանսական փոխհատուցման գործում, այլեւ մեր վերջնական նպատակին հասնելու՝ Թուրքիայի եւ Ամերիկայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG