Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը ընդունել է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսաստանյան խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ բանաձեւ


Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը միաձայն ընդունել է բանաձեւ, որը պարտադրում է իշխանություններին միջոցներ ձեռնարկել Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների գոտիներից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման ուղղությամբ:

«Այսօր մենք ընդունել ենք պատմական մի բանաձեւ: Երջանիկ էի տեսնել, որ բանաեւին դեմ քվեարկողներ չեն եղել, սակայն ցավալի է, որ որոշ պատգամավորներ (հանրապետականներն ու պահպանողականները) քվեարկությանը չեն մասնակցել», - ըստ «Կավկազպրես» գործակալության, քվեարկությունից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

Բանաձեւում ասվում է, որ եթե ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը չհամապատասխանի իրենց առաքելությանը, ապա դրանք պետք է դուրս բերվեն Հարավային Օսիայից մինչեւ 2006 թվականի փետրվարի 10-ը, իսկ Աբխազիայից՝ մինչեւ 2006-ի հուլիսի 15-ը:

Ռուսական կողմը արդեն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձեւին: Փարիզում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի կարծիքով, դա «քաղաքական որոշում»:

«Բանաձեւը առաջիկայում ոչ մի կերպ չի անդրադառնա «երկնագույն սաղավարտների» գործունեության վրա», ավելացրել է Իվանովը:

«Ռուսաստանի խաղաղապահները Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվում են համաձայն ԱՊՀ կողմից տրված եւ ՄԱԿ-ի կողմից հաստատված մանդատի: Նրանք կարեւոր դեր են խաղում հակամարտությունների կարգավորման գործում եւ զոհերի հաշվին (ընդհանուր առմամբ, շուրջ 60 խաղաղապահ) կանխում են նոր արյունահեղությունը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG