Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլ. «Փամուկի գործով դատարանը արդարացման վճիռ կկայացնի»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը համոզմունք է հայտնել, որ դատարանը արդարացնող վճիռ կկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար ժամանակակից Թուրքիայի ամենահռչակավոր արձակագիր Օրհան Փամուկի դեմ հարուցված գործով:

«Նմանատիպ դատավարություններ նախկինում նույնպես տեղի են ունեցել՝ նույն հայտարարությունների, նույն բառերի համար, եւ դատավորները որոշում են կայացրել, որ բոլորը իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը: Համոզված եմ, որ Փամուկի դեպքում եւս դատարանը նման որոշում կկայացնի», - կիրակի օրը ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Գյուլը:

Փամուկի դեմ քրեական գործ հարուցելու պատճառը շվեյցարական «Տագես Անցայգեր»-ին անցած փետրվարին տված հարցազրույցն է, որում արձակագիրը ասել էր. - «Այս հողերի վրա սպանվել է մեկ միլիոն հայ եւ որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»:

Հարցազրույցի այս հատվածը թուրքական դատախազությունը որակել է որպես «թուրքական ինքնության հրապարակային նսեմացում»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման:

Դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստը արդեն առաջացրել է եվրոպական հանրության եւ Եվրամիության պաշտոնյաների խիստ արձագանքը, որոնց գնահատմամբ, դա «հետընթաց քայլ է մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացում»:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Ստամբուլում Օրհան Փամուկին հետ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, ով իր աջակցությունն է հայտնել արձակագրին եւ պաշտոնական Անկարային հորդորել է «հարգել արտահայտվելու իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG