Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» շաբաթաթերթը փորձել է լույս սփռել Խնայբանկի ավանդների փոխհատուցման օրինագծի առաջխաղացման ճանապահին կանաչ լույս վառելու առեղծվածի վրա՝ մասնավորապես, այն կապելով առաջիկա հանրաքվեի հետ. - «Հանրաքվեին նախորդող ժամանակաշրջանի առանձնահատկությունն այն է, որ «այո»ի համար հաջող քարոզչությունն անհնար է՝ եթե իշխանությունը չձեռնարկի աննախադեպ քայլեր, որոնք հաճելի են բնակչության համար: Եվ ավանդներին վերաբերող որոշումը հենց այդ քայլերից մեկն է»։ Բայց դա,ըստ թերթի մեկնաբանի, միակ օրինակը չէ. - «Նույն բյուջեի նախագծում նախատեսված են գումարներ ուսուցիչների աշխատավարձերը շոշափելիորեն բարձրացնելու համար, եւ դժվար չէ կանխատեսել, որ մինչեւ նոյեմբերի 27-ը նման քայլեր էլի են լինելու»։

«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարն ավելի է խտացրել Խնայբանկի ավանդները վերադարձնելու քաղաքական շարժառիթները՝ մասնավորապես նկատելով, թե «այս պրոցեսում բոլոր քաղաքական ուժերն իրենց շահերն ունեն, եւ միակ բանը, որ նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում՝ ավանդատուների շահերն են»։ «Օրինաց երկիր»-ն, օրինակ, հույս ունի, որ ավանդների հարցի բարձրացումը ժողովուրդն իրեն է վերագրելու, բայց խայտառակ ինդեքսացիայի մեղքը բարդվելու է կառավարության վրա։ Ռոբերտ Քոչարյանը, ըստ թերթի մեկնաբանի, մտածում է, որ այս ձեւով ինքը կարողանալու է բյուջեից ընտրակաշառք բաժանել, բայց ընտրակաշառքի չափի համար վարչապետին են հայհոյելու։ «Անդրանիկ Մարգարյանն էլ, բնականաբար, շատ լավ հասկանում է այս ամենը եւ գիտակցում, որ «իր գլխին սարքում են», դրա համար էլ անընդհատ շեշտում է, թե իրենք ավանդներ չեն վերադարձնում, այլ աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքներին ինչ-որ փոխհատուցում են տալիս», - գրում է թերթը։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ենթատեքստում «Այբ-Ֆե» շաբաթաթերթի վերլուծաբանն այսօր փորձել է գտնել «Ո՞րն է Հայաստանում Եվրոպայի շահը» հարցի պատասխանը. - «Երբ եվրոպացիները հայերիս փորձում են համոզել, որ սահմանադրական փոփոխությունները լավն են ու պետք է դրանց «այո» ասել, ուղղակի զարմանում ես՝ կամ այս մարդկանց ուղարկվել է «բարեփոխումների» բոլորովին այլ տարբերակ, կամ եվրոպացիները մեզ դրել են «չուկչայի» տեղ: Մեր ժողովրդին հորդորող, սպառնացող բոլոր այլազգիները պետք է հասկանան մի բան. քաղաքակիրթ Եւրոպայում ապրած մարդը չի կարող պատկերացնել, թե հայերն ինչ կարող են թաքցնել պարզ բառերի հետեւում, նրանք չեն կարող հասկանալ մեր մենթալիտետը, նրանք չեն կարող ընկալել, որ երբ մերոնք օրենք են գրում, այդ պահից սկսած մտածում են, թե ինչպես կարող են այն շրջանցել եւ ինչ սողանցքներ կարելի է թողնել հետագայում օրենքը կամ Սահմանադրությունը մեկնաբանելու համար»։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե այժմ «ոսկե հնարավորություն» կա հակամարտության կարգավորմանը հասնելու համար, որի նմանը վերջին տարիներին չի եղել։ Ըստ Լենմարկերի, հակամարտության գինը շատ բարձր է թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի համար։ Հարցին, թե այսօր ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը պետք է շահագրգռված լինեն ԼՂ հակամարտությունը լուծելու հարցում, երբ երկուսն էլ, ըստ միջազգային դիտորդների գնահատականների, իշխանության չեն եկել ժողովրդավարական ընտրություններով, շվեդ դիվանագետը, մասնավորապես, պատասխանել է. - «Ինչ խոսք, կայուն եւ երկարաժամկետ խաղաղության համար հիմնաքար կարող է լինել այն, որ երկու երկրներն էլ ժողովրդավարական հասարակություններ ունենան։ Սակայն, այժմ պետք չէ սպեկուլյացիաներ անել երկու նախագահների ընտրության հարցով... Մոռացեք դա, այժմ պետք է կենտրոնանալ հակամարտության լուծման վրա», - հորդորել է դիվանագետը։

«Իրավունք»-ը, նկատի ունենալով Ջավախքի վերջին շրջանի վտանգավոր զարգացումները, այսօր վկայակոչել է Հայաստանի բարձրաստիճան զինվորականությանը մոտ կանգնած իր աղբյուրները, թե՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կարծիք կա, որ Ջավախքում ցանկացած պահի բանը կարող է հասնել արյունահեղության, եւ արդեն իսկ արգելվել է սպաներին եւ զինվորներին անգամ կարճատեւ արձակուրդների տրամադրումը։ Ըստ թերթի աղբյուրի, չի բացառվում, որ մոտ ժամանակներս զորամասերում զորանոցային դրություն հայտարարվի։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG