Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ղարաբաղի անկախությունը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»


Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ հանդիպումից եւ մի քանի երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Եվրամիության անդամ Լատվիայի դերակատարումը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին աջակցելու հարցում:

Պատասխանելով լատվիացի լրագրողներից մեկի հարցին՝ կա՞ արդյոք որեւէ որոշում ղարաբաղյան խնդրով, որը կգոհացներ երկու կողմերին, նախագահ Քոչարյանը պատասխանել է, թե «բացի երկու կողմերից, կարեւոր է նաեւ Ղարաբաղի ժողովրդի կարծիքը. ում հետ եւ ինչպես է ուզում ապրել Ղարաբաղի ժողովուրդը»:

Այս առումով շեշտվել է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը: Լատվիայի նախագահն ասել է, որ Լատվիան այս հարցում պաշտպանում է Եվրամիության տեսակետը. - «Լատվիան կիսում է Եվրամիության դիրքորոշումը, որը չեզոք է այս հարցում: Եվրամիությունը պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ առանց հրաժարվելու ինքնորոշման սկզբունքից», - հայտարարել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան՝ ավելացնելով, որ Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբին՝ բանակցային գործընթացը խթանելու հարցում:

«Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի հարցի շուրջ հարցադրումները տեղափոխվեցին տարածքային ամբողջականություն - ինքնորոշման իրավունք հարթություն: Մենք ինքներս ունենք տարածք եւ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորությանը: Տվյալ դեպքում այդ սկզբունքը, Ղարաբաղի անկախությունը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ», - այս առթիվ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG