Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ընտրությունների համար ստեղծված են հոյակապ պայմաններ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ երկրում ամեն ինչ արվում է, որպեսզի նոյեմբերին կայանալիք ընտրությունները լինեն ժողովրդավարական եւ ազատ:

«Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական համակարգում ազատությունների մասին իմ հրամանագիրը հոյակապ պայմաններ են ստեղծում թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Մենք դա գիտենք, եւ միջազգային հանրությունը նույնպես դա ընդունում է», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, Կյուրդամիր քաղաքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի թանգարանի եւ արձանի բացման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում նշել է Իլհամ Ալիեւը:

Նախագահ Ալիեւը նաեւ առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին:

«2008 թվականին ես հաշվետվություն կներկայացնեմ ժողովրդին: Դրանից հետո մենք կիրականացնենք նոր երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Ֆրանսպրես»-ը նաեւ նշում է, որ մի շարք միջազգային կազմակերպություններ թերահավատորեն են վերաբերում եվրոպական չափանիշերին համապատասխանող ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի հանձնառությանը:

Մասնավորապես, սեպտեմբերի 23-ին հրապարակված ԵԱՀԿ գնահատականում նշվում է, որ Ադրբեջանը «հիմնականում չի կատարել ընտրությունների գործընթացը բարեփոխելու հանձնարարականները»:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շաբաթասկզբին տարածել է նախընտրական Ադրբեջանի իրավիճակին վերաբերող զեկույց՝ կոչ անելով Արեւմուտքի կառավարություններին ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանում տեղի ունեցող բռնությունների նկատմամբ:

Զեկույցում նշվում է նաեւ, որ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ իրավապահների կողմից ավելի ու ավելի հաճախ կիրառվող բռնությունները «լուրջ կասկածի տակ են առնում ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG