Մատչելիության հղումներ

Կտրուկ սրվել է իրավիճակը Ջավախքում


Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, ովքեր բողոքում էին Թբիլիսիից ժամանած Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խաթուների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

«Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով «Ջավախք-ինֆո»-ն տեղեկացնում է, որ ախալքալակցիները, ինչպես նաեւ մերձակա գյուղերի բնակիչները հավաքվում են քաղաքի կենտրոնում:

Ջավախքի հասարակական կազմակերպությունների ղեկավարները համոզված են, որ հայերին պատկանող խանութների զանգվածային փակմամբ, խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառմամբ Վրաստանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 24-ին Ջավախքի հասարակական երրորդ համաժողովի ժամանակ ընդունված բանաձեւում առաջարկվում էր Ջավախքին Վրաստանի պետական կառուցվածքում տալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին վրացական իշխանություններն առաջարկում են Հարավային Օսիային:

Վրաստանի իշխանությունների այսօրինակ գործողությունները, հասարակական կազմակերպությունների ղեկավարների խոսքերով, կարող են ապակայունացնել իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ «շրջանի հայերին այլ բան չի մնում, քան ուժային մեթոդներով պաշտպանել սեփական իրավունքներն ու արժանապատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG