Մատչելիության հղումներ

Վրաստանն առաջարկում է Անդրկովկասի եւ Բալթյան երկրների համագործակցություն «3-3» ձեւաչափով


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Թբիլիսիում ընդունել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե Ֆրայբերգային եւ առաջարկել է ավելի սերտ համագործակցություն հաստատել Կովկասի ու Բալթյան երկրների միջեւ: Սահակաշվիլիի խոսքերով, «երեք-երեք» ձեւաչափով համագործակցությունը մի կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ու մյուս կողմից՝ Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի միջեւ կնպաստի Հարավային Կովկասի եվրոպական ինտեգրմանը:

«Այդ շփումները կարեւոր նշանակություն ունեն մեր տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման եւ հակամարտությունների կարգավորման համար», - ասել է Վրաստանի ղեկավարը:

Լատվիայի նախագահն ասել է, որ նշված ձեւաչափը հնարավոր կլինի այն դեպքում, եթե դրան, չնայած առկա հակամարտությանը, համաձայնեն Հայաստանը եւ Ադրբեջանը:

Վաղը Լատվիայի նախագահը կժամանի Երեւան: Օրեր առաջ Բաքվում նա ասել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լատվիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, Լատվիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ խնդրի խաղաղ ու փոխզիջումային կարգավորման կողմնակից է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG