Մատչելիության հղումներ

Խորհրդարանի խոսնակը վստահ է, որ Հայաստանը միջոցներ ունի ավանդների փոխհատուցումը սկսելու համար


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի օրը, խոսելով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցմանը վերաբերող օրինագծի մասին, որը նրա գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնությամբ ընդգրկվել է խորհրդարանի ներկա նստաշրջանի օրակարգում, վստահություն հայտնեց, որ երկրի կառավարությունը ունի միջոցներ գործընթացը սկսելու համար:

«Հայաստանը այս տարի ունենալու է մեկ միլիարդ դոլարանոց բյուջե: Սա նշանակում է, որ տնտեսական աճը հնարավորություն է տալիս աստիճանաբար [միջոցներ] ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը: Եվ եթե ավելի արդյունավետ դառնա պայքարը կոռուպցիայի, կաշառակերության դեմ՝ գումարները ավելին կլինեն», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, հարցի շուրջ անցած շաբաթ ձեքբերված քաղաքական համաձայնությունը «շատերը ուզում են ստվերել»: Այդուհանդերձ, խորհրդարանի խոսնակի համոզմամբ, չափազանց կարեւոր է, որ համաձայնության եկած ուժերը մինչեւ վերջ կարողանան պահել իրենց որոշումը:

«Հավատում եմ, որ քաղաքական համաձայնությունը կպահպանվի Հանրապետական կուսակցության կողմից, նաեւ բոլոր այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այս նախաձեռնությանը միացել են», - ասաց նա՝ հավելելով. - «Մեր քաղաքական համաձայնությունը աներկբա է, հրապարակված է, պայմանավորվածությունը հստակ է, եւ բյուջեում անպայման նման հոդված պետք է նախատեսվի»:

Խնդրո առարկա օրինագիծը երկուշաբթի օրը ընդգրկվել է խորհրդարանի նստաշրջանի օրակարգում: Ըստ այդմ՝ առաջիկա տասը տարիների ընթացքում ավանդատուներին պետք է վճարվի շուրջ 83 միլիոն դոլար:

Ազգային ժողով ներկայացված հաջորդ տարվա բյուջեի նախագծում Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, մինչդեռ, փոխհատուցման համար գումարներ չի նախատեսել:

Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը այսօր հայտարարությունների ժամին անդրադառնալով նույն խնդրին, դիմեց ավանդատուներին. - «Ես կոչ եմ անում մեր ավանդատուներին կազմ եւ պատրաստ շարասյուներով շարժվել դեպի Ազգային ժողով եւ պահանջել, որպեսզի անպայմանորեն երաշխավորվի մինչեւ հանրաքվեի անցկացումը ավանդների ինդեքսավորման գործակցի որոշումը եւ այն ավանդատուների թվի ֆիքսումը պետական բյուջեում, որոնք պետք է առաջնահերթ կարգով ստանան փոխհատուցում արդեն 2006 թվականին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG