Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ընթանում է շախմատի երկրորդ միջազգային մրցաշարը


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում երեկ մեկնարկած շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը, կազմակերպիչների հավաստմամբ, կարելի է դասել ամենաբարձրակարգ մրցաշարերի թվին:

«Այս մրցաշարը շատ բարձրակարգ մրցաշար է շախմատային աշխարհի մակարդակով: Սա 17-րդ աստիճանի մրցաշար է: 17-րդը ամենաբարձր մակարդակի մրցաշարերից է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրենների խորհրդի անդամ, ամերիկահայ Արամ Հաջյանը՝ պարզաբանելով. - «Այս տարի ամբողջ աշխարհում 3-4 մրցաշար է անցկացվում, որ 17-րդ աստիճանի են կամ ավելի բարձր»:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցում են 20 շախմատիստներ 11 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հոլանդիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լատվիայից եւ Մոլդովայից: Մասնակիցներից 5-ը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ աշխարհի լավագույն 25 շախմատիստների շարքում են:

Մասնակիցների թվում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (5-րդը աշխարհում), 2002 թվականի Եվրոպայի չեմպիոն, լեհ Բարտոլոմեո Մաչեան, Միացյալ Նահանգների չեմպիոն Հիկարու Նակամուրան, Չինաստանի փոխչեմպիոն Բու Քսանգժին, հայաստանցի լավագույն շախմատիստներից Լեւոն Արոնյանը, ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը, հոլանդացի Իվան Սոկոլովը, մոլդովացի Վիկտոր Բոլոգանը եւ այլոք:

«Այս մակարդակի մրցաշար երբեւէ չի անցկացվել Կովկասյան տարածաշրջանում. ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում, ո’չ Վրաստանում եւ ո’չ էլ Միջին Արեւելքում», - ասաց Հաջյանը:

Նրա խոսքեորվ, շատերն այսօր տեղյակ չեն, որ վերջին տարիների ընթացքում Ղարաբաղում շատ բան է փոխվել. - «Իհարկե, Ղարաբաղը աշխարհին հայտնի դարձավ անկախության համար մղած պատերազմով, բայց այսօր կյանքն այնտեղ փոխվել է, կա որոշակի զարգացում, հասարակությունը, երիտասարդ սերունդը առաջ են գնում»:

«Հասարակությունն այստեղ մեծ ոգեւորությամբ է հետեւում ընթացող մրցաշարին», - ավելացրեց Արամ Հաջյանը: - «Մարդիկ ակտիվորեն գալիս են, դիտում խաղերը, մրցաշարը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ինտերնետով: Սա շատ դրական գործողություն է Ղարաբաղի եւ ամբողջ շախմատային աշխարհի համար»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG