Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 1-ը հոկտեմբերի)

«Ոստիկանության հատուկ ջոկատայինները հինգշաբթի ուշ երեկոյան ներխուժել են Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեն Էլեն» դիսկոտեկը, որտեղ բացի սովորական այցելուներից հավաքվում են նաեւ մարմնավաճառները ու այնտեղ եղած այդ մասնագիտության բոլոր աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանության քաղաքային վարչություն՝ առանց որեւէ պատճառաբանության եւ սանկցիայի», - գրում է «Առավոտ»-ը՝ բացահայտելով. - «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, միջոցառումն անցկացվել էր այս օրերին Երեւանում գտնվող ԱՊՀ ներքին գործերի նախարարների պատվիրակությունները «սպասարկելու» համար»: «Չորրորդ իշխանություն»-ը, ասես, լրացնում է. - «ԱՊՀ պանծալի գեներալները լավ ուտել-խմելուց հետո այլ ցանկություններ էլ են դրսեւորել, ինչը նախապես պլանավորված չի եղել»: Թերթի աղբյուրների համաձայն, «հյուրասեր» կազմակերպիչները ստիպված են եղել շտապ կարգով Երեւանի տարբեր փողոցներից մի քանի մարմավաճառներ հավաքել:

«Լուրերը, թե ավանդների հարցը կարող է դառնալ կոալիցիայի փլուզման պատճառներից հիմնականը, կարծես թե արդարանում են», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ տեղեկացնելով, որ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը մտել է երկուշաբթի օրը մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգ: - «Ըստ էության, սա տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրահանգով: Եվ վերջինս հրահանգել է առաջ մղել ո'չ թե «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի, ո'չ էլ կոալիցիայի համատեղ հեղինակած նույնանման նախագծերը, այլ իր խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը: Ազգային ժողովի նախագահը, ի դեպ, շտապել է դա անել մինչեւ այդ հարցով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կհասցներ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք սկսել, որպեսզի ավանդների հարցի քննարկման եւ դրան լուծում տալու ողջ նախաձեռնությունը «գրվի» «Օրինաց երկիր»-ի վրա»: «Պետք է խոստովանել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը, - «որ այս նախագծի խաղարկումը ոչ միայն դիվիդենտներ կբերի «Օրինաց երկիր»-ին, այլեւ ծանր վիճակի մեջ կդնի հակառակորդ ՀՀԿ-ին, որն արդեն իսկ հրապարակայնորեն խոստովանել է, որ դեմ է այս պահին նման հարցի քննարկմանը»:

«Առավոտ»-ի հարցազրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը ասում է. - «Մեզ համար Ջավախքի հայության հիմնախնդիրներին հետամուտ լինելը իսկապես սկզբունքային նշանակություն ունի: Մենք գտնում ենք, որ, իրոք, պատմական շանս կա Ջավախքը վերածել հայ-վրացական բարեկամության խորհրդանիշի: Եվ Վրաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո այդ շանսը շատ ավելի իրական է»: Ինչ վերաբերում է վերջերս բարձրացված ինքնավարության պահանջին, ապա Լեւոն Մկրտչյանի խոսքերով, մշակութային ինքնավարության սկզբունքները «ընդունված են ներկա քաղաքակիրթ աշխարհի գրեթե բոլոր երկրներում». - «Եվ ջավախահայության պահանջը շատ տարրական է. մարդիկ ուզում են շարունակել իրենց հայեցի կյանքը, ուզում են ունենալ հայկական կրթահամակարգը, մշակութային համակարգը... լինեն Վրաստանի լիարժեք քաղաքացիներ եւ չզգան որեւէ դիսկրիմինացիա»:

«Հայկական ժամանակի»-ն հարցազրույցում Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին նշում է. - «Ինչ վերաբերում է ինքնավարությանը, ապա, եթե այդ բառի տակ մարդիկ հասկանում են ինքնակառավարում, մենք դա ողջունում ենք: Իսկ եթե դա առանձին դեմքերի քաղաքական նպատակներն են, մենք դա լուրջ չենք ընդունում... Ես չգիտեմ եւ չեմ հետաքրքրվում այն խմբերով, որոնք զբաղվում են դրանով: Մենք պատրաստ են լսել այն մարդկանց, ովքեր ընտրված են ժողովրդի կողմից, իսկ դրանք առայժմ մեծամասնական ընտրացուցակով ընտրված պատգամավորներն են»:

Արձանագրելով, որ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար 17 կուսակցությունների համագործակցության հայտարարագրում ոչ մի խոսք չկա սահմանադրական փոփոխությունների բովանդակության մասին, «Հայոց աշխարհ»-ը բխեցնում է. - «Ստեղծվում է խիստ տարօրինակ մի կացություն. ընդդիմության նշանակալի մասը փաստորեն միավորվել է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ դրանք առաջադրած իշխանության դեմ: Հանրաքվեն դիտարկվում է սոսկ որպես հարմար միջոց կամ ուղղակի գործիք՝ հեղափոխություն սկսելու համար»: «Արդյունքում ստացվում է կատարյալ աբսուրդ», - գրում է մեկնաբանը. - «Իշխանությունը փորձում է փոխել առկա համակարգը, իսկ ընդդիմությունը փորձում է գոնե առայժմ պահպանել համակարգը՝ փոխելով նրա գլխին կանգնած անձերին»:


«Ազգ»-ի գնահատմամբ, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Բուքիքիոն մերոնցից լավ է քարոզում սահմանադրական «այո»-ն:

Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի, Քոչարյանն անձամբ կոչ չի անի «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ «այդ դեպքում արդեն ակնհայտ կլինի, որ հանրաքվեի ձախողումը նշանակում է, որ ժողովուրդն անվստահություն է հայտնում Քոչարյանին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդիպելով Ռուսաստանի հայերի միության մի խումբ ներկայացուցիչների հետ, ասել է. - «Ինչքան էլ Ադրբեջանը հոխորտա՝ միեւնույն է, այլեւս անհնար է Ղարաբաղն իր կցորդը դարձնելը: Դա աբսուրդ է, եւ դա հասկանում են բոլորը: Անկախ նրանից՝ ով կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաջորդ նախագահը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG