Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման շտաբի պետի թեկնածուների մեջ քննարկվում են նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի, «սուպերնախարար» Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Մովսիսյանի անունները», - վկայակոչելով իր աղբյուները, ներկայացնում է «Առավոտ» օրաթերթը՝ միաժամանակ հավելելով. - «Ըստ ամենայնի, նրանցից որեւէ մեկը չի գլխավորի շտաբը, քանի որ առաջինը քաղաքական գործիչ չէ, երկրորդի թեկնածությանը դեմ է ՀՅԴ-ն, երրորդ թեկնածուի մասին էլ ասվում է, որ եթե անգամ նա դառնա շտաբի պետ, ապա լինելու է զուտ ձեւական»:

«Հայկական ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, «Էրեբունի - Երեւան» տոնակատարությունից հետո Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի փոխարեն այդ պաշտոնում վերստին նշանակվելու է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Ըստ թերթի, իշխանության վերնախավում մտածել են, որ սահմանադրական հանրաքվեից առաջ հարկավոր է «զոհել» ոչ պոպուլյար մեկ-երկու պաշտոնյայի, եւ «այս դերին Երվանդ Զախարյանը հարմար է գտնվել»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, Նոր Հաճընում քաղաքապետ Արմեն Քեշիշյանի կողմից կատարված սպանությունից հետո, երբ դատաձգաբանական փորձաքննությամբ ապացուցվել էր, որ սպանությունը կատարվել է վարչապետի կողմից քաղաքապետին նվիրված անվանական զենքով եւ նկատի ունենալով, որ առաջին անգամը չէ, երբ վարչապետի կողմից նվիրված զենքով հանցագործություն է կատարվում, երկրի նախագահը չորեքշաբթի օրը հանձնարարել է ոստիկանապետին, ազգային անվտանգության ծառայության պետին ոստիկանություն հրավիրել այն բոլոր անձանց, ովքեր վարչապետի կողմից անվանական զենք են ստացել: Թերթի հավաստի տվյալներով, նրանք թվով 589-ն են:


«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը վերջին մեկ շաբաթում հնչում էր ամենատարբեր առիթներով, նույնիսկ՝ այնպիսի դեպքերի, որոնց հետ նա ուղղակի առնչություն չունի», - պաշտպանելով վարչապետին՝ գրում է «Այբ-ֆե»-ն: - «Օրենսդրությամբ վարչապետին տրված է զենք նվիրելու իրավասություն, եւ շատ դեպքերում տարբեր ծանոթներ, զենքը ձեռք բերելուց հետո, դիմում են վարչապետին նվիրատվություն ձեւակերպելու խնդրանքով: Ոչ ոք չի կարող առարկել, որ մինչ օրս վարչապետը նման դեպքերում չափից դուրս ընկերական է գտնվել»:

«Չորրորդ իշխանության» հայացքով, այն, ինչ տեղի է ունենում Ջավախքում, հասկանում են բոլորը. - «Ռուսաստանում գիտակցում են, որ Վրաստանը «ձեռքից գնում է» եւ որոշել են հերթական անգամ հայերին որպես մահակ օգտագործել՝ տարածաշրջանը ձեռքից բաց չթողնելու համար: Կրեմլից հրահանգ է իջեցված մարտական պատրաստվածության բերել ֆորպոստը, եւ գործակալներն ակտիվացել են: Մնում է հուսալ միայն, որ գոնե այս անգամ ողջախոհությունը կհաղթի եւ Ռուսաստանին չի հաջողվի հերթական անգամ իր մանր-մունր հարցերը լուծել մեր հաշվին»:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի համատեղ ասուլիսից մեջբերելով Անդրանիկ Մարգարյանի հայտնած տեսակետը, թե Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցումը Վրաստանի ներքին խնդիրն է եւ պետք չէ Հայաստանի խնդիրները կապել այլ երկրների հետ, «Ազգ»-ի մեկնաբանը, հակասություն տեսնելով վարչապետի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ավելի վաղ հայտնած տեսակետերի միջեւ, նկատում է. - «Հարց է ծագում. Օսկանյանն առանց վարչապետի հետ համաձայնեցնելո՞ւ է մայիսի 31-ին նամակ հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահին, եվրոպացի չինովնիկներին բացատրել, որ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման որոշումը համապատասխանում է Թուրքիայի՝ արդեն տասնամյակներ շարունակվող շրջափակման քաղաքականությանը»: Ըստ «Ազգ»-ի, Հայաստանի արտգործնախարությունում լրջորեն անհանգստացած են եւ Կարս - Ախալքալակ նախագիծը դիտում են քաղաքական ակցիա, որը նպաստում է Հայաստանի մեկուսացմանը. - «Եթե իրոք այդ նախագիծը բացառապես Վրաստանի ներքին խնդիրն է, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետը, ապա կառավարության անդամ Օսկանյանն ինչո՞ւ է ոչ տեղին հայտարարությամբ ավելորդ բարոյականության դաս տալիս վրացիներին, ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը ամեն կերպ փորձում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական լոբբիներով չեզոքացնել մեր երկիրը մեկուսացնող այդ նախագիծը»:

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը 90 ձայնով բարեհաջող դակվեց Ազգային ժողովում եւ ուղարկվեց ՀՀ նախագահին: Դրան գումարած՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նույնքան բարեհաջող փորձակում անցան «պլանավորված ձայներ բերելու» այնպիսի կատարյալ ու արդյունավետ մեխանիզմներ, որոնք ապահովում են վարչական ռեսուրսի եւ ընտրակաշառքի կիրառման հարյուրտոկոսանոց կանխատեսելիություն», - ամփոփված է «Իրավունք» շաբաթաթերթում:

«Հայոց աշխարհ»-ի դիտարկումներով, ԱՊՀ պետությունների ղեկավարների օգոստոսյան հանդիպումից հետո թաղումային տրամադրությունները, դատելով ամենից, փոքր-ինչ չափազանցված էին. - «Ոչ ոք եւ երբեք հավերժական կյանք չի կանխատեսել ԱՊՀ-ի համար, բայց ակնհայտ է, որ դրա շրջանակներում դեռեւս կարելի է գործել»: Թերթի նկարագրությամբ, բոլորն արդեն երեք տարի շարունակ «կանգնած դիարանի մուտքի մոտ, սպասում են, թե երբ պիտի դուրս բերեն հանգուցյալին, իսկ նա ոչ մի կերպ շունչը չի փչում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG