Մատչելիության հղումներ

Եվրոպաբնակ հայերը ցույց են անցկացնելու Լյուքսեմբուրգում


Եվրոպական երկրների հայ համայնքների շուրջ 3000 ներկայացուցիչներ հոկտեմբերի 3-ին ցույց են անցկացնելու Լյուքսեմբուրգում, որտեղ այդ օրը պաշտոնապես բացվելու են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց Հայ հեղափոխական դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ցույցի մասնակիցները Լյուքսեմբուրգ են գալու Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կիպրոսից ու Հունաստանից:

«Հազարավոր հայեր պիտի միանան՝ հաստատելու, որ եթե բանակցությունների պիտի 10-15 տարի տեւեն, այդ 10-15 տարվա ընթացքում շարունակելու են պայքարը, որպեսզի ստիպենք, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը», - ասաց Փափազյանը՝ ավելացնելով, որ երկարատեւ պայքարի հատուկ ռազմավարություն է մշակվել: - «Մենք դեմ ենք, որ այս Թուրքիան մտնի Եվրոպական միության մեջ եւ ասում ենք՝ եթե Թուրքիան ուզում է շանս ունենալ [Եվրամիություն] մտնելու համար, պետք է նախապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսից հանի իր զորքերը, հարգի մարդու իրավունքները»:

Գնահատելով այս շաբաթ ավելի վաղ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արվում Թուրքիային մինչեւ անդամակցությունը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Կիպրոսը, Փափազյանը դա «կարեւոր քայլ» որակեց՝ ավելացնելով, որ նաեւ Եվրոպայի հայկական կազմակերպությունների ջանքերով է այդ դրույթը տեղ գտել բանաձեւում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG