Մատչելիության հղումներ

Հայաստանում կանցկացվի հայ-իտալական բարեկամության փառատոն


Հիմնականում մշակութային ուղղվածություն ունեցող այս միջոցառումը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին եւ տեւի մեկ ամիս: Դրա շրջանակներում կանցկացեն նաեւ հայ-իտալական գործարար համաժողով, Իտալիայի գյուղատնտեսությունը ներկայացնող ցուցահանդես, հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված երկօրյա գիտաժողով:

«Հաշվի առնելով, որ հայ-իտալական բարեկամության փառատոնը երկու կառավարությունների նախաձեռնությունն է եւ երկու երկրների նախագահների բարձր հովանավորությունն է վայելում, [այն] ոչ միայն մշակութային միջոցառում է, այլեւ մենք դրա մեջ դնում ենք քաղաքական նշանակություն», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեն, իր հերթին, հավաստիացրեց, որ փառատոնը անմասն չի թողնի հասարակության լայն շերտերին՝ կլինեն կինոցուցադրումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ:

Կլեմենտեն հանգամանալիորեն ներկայացրեց փառատոնի ծրագիրը: Հոկտեմբերի 5-ին փառատոնը կսկսվի Հայաստանի ազգային պատկերասրահում Սուրբ Ղազար կղզու գանձերի ցուցադրությամբ: Նույն օրը երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա գալա-համերգ:

Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի հայկական ծագում ունեցող իտալացի գրող Անտոնիո Արսլանը, ում «Արտույտների ագարակը» գիրքը արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG