Մատչելիության հղումներ

Երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների ու ընդդիմության միջեւ ձախողվել է


Ադրբեջանի իշխանությունները հինգշաբթի օրը հրաժարվել են մասնակցել ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքի հետ երկխոսությանը, որի ընթացքում պիտի քննարկվեր ցույցերի եւ հանրահավաքների անցկացման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, իշխանամետ «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայացել հանդիպմանը՝ պատճառաբանելով, թե Բաքվի իշխանությունները արդեն սահմանել են ցույցերի անցկացման վայրերը:

«Ընդդիմության հետ բանակցելը անիմաստ է: Մենք նրանց առաջարկել ենք ցույցերի անցկացման 5 վայրեր, թող այդտեղ ցույցեր անեն: Իսկ եթե նրանք խախտեն օրենքը, ապա օրենքի առջեւ էլ պատասխան կտան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը:

Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցների չարտոնված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին ազատ եւ արդար ընտրությունների անցկացում:

Իշխանությունները «Ազադլիգ»-ի առաջնորդներին առաջարկել էին քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս շաբաթ անցկացնել հանդիպում՝ կքննարկելու երթերի ու հանրահավաքների անցկացման համար ընդդիմության առաջարկած երթուղիները եւ վայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG