Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը վերստին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ըստ Եվրախորհրդարանի՝ այսօր Ստրասբուրգում ընդունած բանաձեւի, նախքան Եվրամիությանն անդամակցելը Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ բանաձեւը «քաղաքական ապտակ է Անկարային, որը պնդում է, որ ցեղասպանություն չի եղել»: Բանաձեւում մտահոգություն է հայտնվում թուրք գրող ու հրապարակախոս 0րհան Փամուկին Հայոց ցեղասպանության եւ քրդերի հալածանքների թեման բարձրաձայնելու համար Թուրքիայում դատական պատասխանատվության կանչելու կապակցությամբ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անմիջապես արձագանքել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդումանը: «Այդ բանաձեւը պարտադիր ուժ չունի: Նշանակություն չունի, թե նրանք ինչ բանաձեւ են ընդունել. մենք մեր դիրքորոշումից չենք հրաժարվի», - CNN-Turk հեռուստաընկերությանն ասել է Թուրքիայի վարչապետը:

Եվրախորհրդարանը 365 կողմ, 181 դեմ եւ 125 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ հավանություն է տվել հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին: Եվրախորհրդարանի հիմնականում աջակենտրոն պատգամավորների ջանքերով ընդունվել է որոշում Թուրքիայի եւ Եվրամիության մաքսային համաձայնագրի վավերացումը հետաձգելու մասին:

Այս տարվա հուլիսի Ձ9-ին Թուրքիան ստորագրել է Եվրամիության հետ գործող մաքսային պայմանագրին կից լրացուցիչ արձանանգրություն, որով պայմանագիրը տարածվել է նաեւ տասը նորանդամ երկրների, այդ թվում՝ Կիպրոսի վրա: Բայց ստորագրելով արձանագրությունը՝ Անկարան հայտարարել է, թե դա «բնավ չի նշանակում Կիպրոսի տարածքային ամբողջականության ճանաչում»: Մինչդեռ, հենց այս հանգամանքն է դիտվում իբրեւ հիմնական խոչընդոտ Թուրքիայի անդամակցության ճանապարհին:

Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթներում այսօր գերիշխողը ոչ այնքան մաքսային խնդիրն էր, որքան ընդհանրապես Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Առավել շատ այսպիսի գնահատականներ են հնչել. «Թուրքիայի պես մեծ երկրի ընդունումը կարող է խախտել Եվրոպայի ժողովուրդների ինքնության հաշվեկշիռը», «Թուրքիան ոչ դեմոկրատական, ագրեսիվ երկիր է, որտեղ խախտում են մարդու իրավունքները», «Թուրքիան շատ հարցերում առաջ է գնացել, բայց դեռ հեռու է եվրոպական չափանիշներից», «Անդամակցության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Անկարան անվերապահորեն չի ճանաչել Կիպրոսը»:

Չափազանց խիստ ելույթով է հանդես եկել Հունաստանի ներկայացուցիչը: «Չի կարելի Թուրքիայի անդամակցության հարցում դրական որոշում կայացնել միայն այն բանի համար, որ Թուրքիան հետո դառնա դեմոկրատական երկիր: Այդ տրամաբանությամբ մենք կարող ենք Եվրամիության կազմ ընդունել Իրաքը, Աֆղանստանը, Կամբոջան, Նեպալը, Իրանը եւ ոչ դեմոկրատական այլ երկրները», - ասել է հույն պատգամավորը:

Բանակցություններից առաջ Եվրամիությունն ու Թուրքիան պետք է ընդունեն շրջանակային, այսինքն՝ նախնական համաձայնագիրը: Դրա նախագծում ասվում է, որ Անկարան պարտավոր է մինչեւ 2006 թվականը ճանաչել Կիպրոսն ու այդ երկրի առջեւ բացել ծովային եւ օդային սահմանները, այլապես բանակցությունները կընդհատվեն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը շաբաթասկզբին զանգահարել է իր բրիտանացի գործընկեր Ջեք Սթրոին եւ սպառնացել է, թե Անկարան կարող է ընդհանրապես հրաժարվել բանակցություններից:

«Մենք ինքնաթիռ չեն բարձրանա, եթե շրջանակային համաձայնագիրը հակասի մեր շահերին», - ասել է Գյուլը:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռեհնը ափսոսանք է հայտնել մաքսային պայմանագրի վավերացումը հետաձգելու առիթով: «Վավերացման հետաձգումը չի ազդելու անդամակցության բանակցությունների վրա: Դրանք, ինչպես եւ նախատեսված է, պետք է սկսվեն հոկտեմբերի 3-ին», - ասել է Ընդարձակման հանձնաժողովի խոսնակ Պիա Ահրենկիլդե Հանսենը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG