Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ը ընդունել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւ


Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցնող ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության Միջխորհրդարանական վեհաժողովը ընդունել է ԱՊՀ տարածքում չկարգավորված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւ:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջահանգիր Հուսեյնովը նիստում հանդես է եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցով:

«Ես բարձրացրել եմ այս հարցը խորհրդարանականների առջեւ՝ կոչ անելով խորհրդարանականներին այն մշտապես պահել կառույցի ուշադրության կենտրոնում», - նշել է Հուսեյնովը:

Պատգամավորը նաեւ հայտնել է, թե իրեն հաջողվել է ՎՈւԱՄ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգ մտցնել Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ հարցը:

«Եթե տեղափոխումը իրականացվի, ապա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման հարցը կվտանգվի: Ես կոչ արեցի ՎՈւԱՄ-ին որոշակի միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ, եւ այդ առաջարկը ընդունվեց», - հայտարարել է Ջահանգիր Հուսեյնովը:

ՎՈւԱՄ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները կավարտվեն հինգշաբթի օրը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2006 թվականի սկզբին Կիեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG