Մատչելիության հղումներ

Սպանության մեղադրանքով կալանավորված Նոր Հաճընի քաղաքապետը կմասնակցի ընտրություններին


Սեպտեմբերի 24-ին Նոր Հաճընում «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին սպանած Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորյալ սպանության մեղադրանքով:

Գործը վարող Կոտայքի մարզի դատախազ Միքայել Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանցագործության իրական դրդապատճառների մասին խոսելը վաղ է:

Նոր Հաճընում հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում, մրցակցելու են կալանավորված Արմեն Քեշիշյանը (քանի որ, օրենքով սահմանված կարգով, կալանավորված անձը մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք) եւ Երկրապահ կամավորականների միության անդամ, «Ժողովրդավարություն եւ ազատություն» կուսակցության (ԺԱԿ) փոխնախագահ Բաբկեն Մարգարյանը: Սպանված Աշոտ Մխիթարյանը սատարում էր Մարգարյանին, ով սպանությունը կապում է հենց ընտրությունների հետ:

Նա համոզված է, որ Մխիթարյանի աջակցությամբ ինքը անպայման հաղթելու էր ընտրություններում:

«Աշոտ Մխիթարյանը պաշտպանում էր իմ թեկնածությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, թե դա նույնպես կարող էր լինել սպանության դրդապատճառներից: - «Միանշանակ ես ընտրվելու էի»:

Նրա փոխանցմամբ, գործող քաղաքապետը ապօրինի էր համարում Մխիթարյանի կողմից քաղաքի կենտրոնում կառուցվող շինությունը, որի հարեւանությամբ էլ տեղի է ունեցել սպանությունը: Քաղաքապետը երկու ոստիկանի ուղեկցությամբ եկել էր այդտեղ՝ դադարեցնելու շինարարական աշխատանքները, եւ ծագած վիճաբանությունը ավարտվել էր սպանությամբ:

Նոր Հաճընի ոստիկանապետի տեղակալ Կարեն Վարդանյանը, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները չեն կանխել հանցագործությունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ոստիկանները 20-25 մետր հեռու են եղել եւ չեն նկատել, որ քաղաքապետի ձեռքում ատրճանակ կա:

Սպանության պատճառով դադարեցված քարոզարշավը Նոր Հաճընում վաղվանից վերսկսվելու է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG