Մատչելիության հղումներ

Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով


Կիպրոսի Հանրապետությունը վետո է դրել Ադրբեջանի թեկնածության վրա եւ արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրին: Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները հետաձգվել են անորոշ ժամանակով:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, ադրբեջանական day.az-ը հաղորդում է, որ ծրագրի դադարեցումը պայմանավորված է պաշտոնական Բաքվի նկատմամբ Կիպրոսի դիրքորոշման հետ՝ կապված Ադրբեջանի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի միջեւ ուղիղ օդային կապ հաստատելու հետ:

Հաղորդվում է նաեւ, որ Կիպրոսը Եվրամիությունում պաշտոնապես բարձրացրել է Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը դադարեցնելու հարցը:

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Թահիր Թաղիզադեն,սակայն, Բաքվի «Զերկալո» թերթին հայտնել է, թե բանակցությունները հետաձգվել են տեխնիկական պատճառներով. - «Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր եւ սպասում է Բրյուսելի արձագանքին»:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կիպրոսի հետ ուղիղ օդային կապին, ապա, Թաղիզադեի խոսքերով, «չվերթները թուրքական Կիպրոս իրականացնում են մասնավոր ընկերությունները եւ Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության մաս չեն կազմում»:

Բաքու - Լեֆկոշա կանոնավոր չվերթները ադրբեջանական մասնավոր Imair Airlines ընկերությունը սկսել է իրականացնել հուլիսի 27-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG