Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը վերընտրվել է մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնում


Անցած կիրակի կայացած քվեարկության նախնական արդյունքներով, Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնում վերընտրվել է գործարար Գագիկ Բեգլարյանը: Արաբկիր համայնքում թաղապետի պաշտոնակատար Հովհաննես Շահինյանը:

Կենտրոն համայնքի 91 հազարից ավելի ընտրողների մոտ 43 տոկոսն է մասնակցել ընտրություններին, եւ նրանց ճնշող մեծամասնությունը՝ 32 հազարից 484 մարդ, քվեարկել է Բեգլարյանի օգտին: Նրա մրցակիցը՝ «Արդարություն» դաշինքի առաջադրած թեկնածուն, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Ռուզան Խաչատրյանը ստացել է 4 հազար 740 քվե:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանի խոսքերով, քվեարկությունը Կենտրոն համայնքում անցել է խաղաղ, առանց լուրջ միջադեպերի:

«[Այս քվեարկության ժամանակ] փորձարկվել են մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն [Սահմանադրության փոփոխությունների] հանրաքվեի ժամանակ», - ասաց Ռուզան Խաչատրյանը, ով հրաժարվում է ընդունել իր պարտությունը: - «Ընտրությունների ընթացքում աշխատել է ողջ պետական մեխանիզմը»:

Խաչատրյանի կարծիքով, իշխանություններին, առաջին հերթին, պետք էր պարզել, թե ինչպես կաշխատի նոր Ընտրական օրենսգիրքը, որը փոքր-ինչ բարդացրել է ընտրակեղծիքների կիրառումը հատկապես լցոնումների եւ կարուսելների տարեբերակով: Այս անգամ, նրա խոսքերով, կեղծիքների համար օգտագործել են ուռճացված ընտրացուցակները, եւ կրկնաքվեարկությունների տարբերակով փաստորեն նույն լցոնումն է իրականացվել:

«Այլ ականներ կան այս Ընտրական օրենսգրքում», - ասաց նա՝ ավելացնելով, թե իր վստահված անձինք պնդում են, որ մարդիկ են եղել, որոնք 4, 5, 7 անգամ քվեարկել են. - «Նույնիսկ դեպք է եղել, երբ տղամարդը եկել է քվեարկության կնոջ անձնագրով. տղամարդ, որի անունը, ըստ անձնագրի, Սիրուշ էր»:

Բողոքներ, որոնք ենթադրում են քրեական գործեր, Ռուզան Խաչատրյանը եւ իր վստահված անձիքն ներկայացրել են, սակայն տեղամասեր բացելու պահանջ դեռեւս չկա:

Արաբկիր համայնքի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սպարտակ Մուսայելյանի փոխանցմամբ, այստեղ ավելի քան 87 հազար ընտրողների 32 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որոնցից 18 հազարը ձայնը տվել է Հովհաննես Շահինյանին: Նրա մրցակիցը՝ Միավորված աշխատանքային կուսակցությունից առաջադրված Դավիթ Գյուլումյանը ստացել է 8 հազարից քիչ ավելի քվե:

Երեկվա ընտրություննրին հետեւել է Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը, որի անդամները այսօր լրագրողներին փոխանցեցին նախնական եզրակացությունը: Ըստ այդմ՝ այցելած 50 տեղամասերում դիտորդները էական խախտումների ականատես չեն եղել: Նկատել են որոշ տեխնիկական բացթողումներ եւ թերացումներ, որոնք ընտրությունների արդյունքների վրա չեն կարող անդրադառնալ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG