Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի կարողությունը հասել է 10 միլիարդ դոլարի


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, ամերիկյան«Ֆորբս» հանդեսի վերջին տվյալներով, այս տարի հասցրել է իր կարողությունը 10 միլիարդ դոլարի եւ այժմ թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում: Վերջին տարիներին նրա վերելքը «Ֆորբս»-ի աշխարհի միլիարդատերերի ամենամյա ցուցակներում մասնագետները պարզապես զարմանալի են համարում:

2003 թվականին Քըրք Քըրքորյանը ուներ 6 միլիարդ եւ աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում էր 65-րդ տեղը: 2004 թվականին նա ուներ արդեն գրեթե 9 միլիարդ դոլար եւ զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը: Երկու օր առաջ հրապարակված «Ֆորբս»-ի վերջին ցուցակից պարզ է դառնում, որ մեկ տարում ամերիկահայ մեծահարուստը կարողացել է իր կարողությունն ավելացնել միանգամից մեկ միլիարդով:

Պատկառելի հասակում էլ Քրկորյանը չի դադարեցնում ակտիվ գործունեությունը բիզնեսի աշխարհում: Վերջերս նա որոշել է մեծացնել աշխարհի առաջատար ավտոմոբիլային ընկերության՝ «Ջեներալ մոթորզի» արժեթղթերի իր բաժինը եւ հասնել այն բանին, որ այդ ընկերության ղեկավար մարմնում ընդգրկվի իր ստեղծած «Թրասինդա» ընկերության ներկայացուցիչը:

Իսկ անցած շաբաթ սկսեցին լուրեր տարածվել, թե Քըրք Քըրքորյանը փորձում է որոշիչ փայաբաժին ստանալ գերմանական «Ֆոլքսվագեն» ընկերությունում: Նման մտադրությունը կանխելու համար, ինչպես հաղորդում են արեւմտյան գործակալությունները, գերմանական «Պորշե» ընկերությունը, որը սպորտային մեքենաներ է արտադրում, որոշել է գնել «Ֆոլքսվագենի» բաժնետոմսերի 20 տոկոսը, որպեսզի Քըրքորյանը չկարողանա վերահսկել «Ֆոքսվագենը»:

«Ֆորբս»-ը, հակիրճ պատմելով Քըրքորյանի մասին, հատուկ շեշտում է՝ «88-ամյա միլիարդատերը ամեն օր թենիս է խաղում»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG